Slaq.am. ԱՄՆ-ի օրենսդիրների համաձայն, շարունակվում է Բոստոնում իրականացված ահաբեկչական հարձակման հետ առնչություն ունեցող «շահագրգիռ կողմերի» որոնումը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսը կոչ է արել սերտացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ցառնաևների գործի շուրջ առկա համագործակցությունը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Մայքլ Մըքքոլն իր հերթին նշել է, որ Թամերլան և Ջոխար Ցառնաևները, ամենայն հավանականությամբ, հատուկ վերապատրաստություն են անցել՝ Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյունների իրականացման նպատակով:
Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն, Միացյալ Նահանգների քննիչներին հայտնի է դարձել ջիհադի առարկայի շուրջ ունեցած հեռախոսազրույցի հանգամանքը, որը Ռուսաստանի հատուկ ծառայությունները ձայնագրել էին դեռևս երկու տարի առաջ:
Ռուսաստանի հատուկ ծառայությունները դեռևս 2011 թվականին էին ձայնագրել Զուբեյդաթ Ցառնաևայի երկու հեռախոսազրույց, որտեղ հիշատակվել էր «ջիհադի» թեման: Առաջին հեռախոսազրույցն անցկացվել է նրա ավագ որդի Թամերլանի, երկրորդը՝ ԱՄՆ-ի ՀԴԲ-ի ուշադրության ներքո գտնվող մի անձի հետ, որը բնակվում էր Հյուսիսային Կովկասում:
Այս մասին «Ասոշիեյթիդ Փրես» գործակալությանը հայտնել էին իրենց անունը հրապարակելուց հրաժարված աղբյուրները ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններում՝ հիմնավորելով իրենց ցանկությունն այն հանգամանքով, որ հետաքննությունը դեռևս շարունակվում է:
Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից Զուբեյդաթ և Թամերլան Ցառնաևների 2011 թվականին ձայնագրված հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել էր Թամերլանի «Պաղեստին» հնարավոր ճանապարհորդությունը, սակայն Թամերլանն ասել էր մորը, թե չի տիրապետում տեղի լեզվին: Հյուսիսային Կովկասի բնակչի հետ ունեցած իր հեռախոսազրույցում Զուբեյդաթ Ցառնաևան նույնպես աղոտ անդրադարձ էր կատարել «ջիհադի» թեմային:
ԱՄՆ-ի ՀԴԲ-ը և Ռուսաստանի ԱԴԾ-ը հրաժարվել են «Ասոշիեյթիդ Փրես»-ին այս տեղեկությունների վերաբերյալ որևէ մեկնաբանություններ ներկայացնելուց:
Գործակալությունը հայտնել է նար, որ ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունները պարզել են որպես «Միշա» նույնականացված անձի ինքնությունը, սակայն «Միշա»-ի և Բոստոնում իրականացված ահաբեկչական հարձակումների միջև որևէ կապ չի հայտնաբերվել: