Lragir.am. «Եթե Վերահսկիչ պալատի՝ Ազգային ժողովում քննարկվող հաշվետվության առանձին ոլորտներում կատարված ուսումնասիրությունների ամփոփագրերում օգտագործված խախտում, չարաշահում, անարդյունավետ ծախս, գների արհեստական բարձրացում, իրականացրած աշխատանքների ուռճացում, անորակ աշխատանքների կատարում և այլ եզրերը փոխարինենք դրանց քրեա-իրավական հոմանիշներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական կեղծիք, խարդախություն, յուրացում, վատնում, հավելագրում և այլն, ապա արձանագրված փաստերը ոչ միայն առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների մասին հաղորդումներ են, այլև մեղադրական ակտի ամբողջական հատվածներ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Ամեն անգամ, ըստ նրա, ԱԺ-ին մնում է զարմանալ ու զայրանալ, թե բյուջեի այդ ինքնակոչ համասեփականատերերն ինչքան են խժռել կամ պետական միջոցների հափշտակության նորարարական ինչ ձևեր ու միջոցներ են հեղինակել: Դրանով էլ, Ջհանգիրյանի խոսքով, սովորաբար Վերահսկիչ պալատի հաշվետվությունների քննարկումներն ավարտվում են։
«Ինձ՝ իրավաբանիս համար առանձնապես անհանգստացնողն այն է, որ պալատի կողմից կատարված ուսումնասիրությունների ու ստուգումների ընթացքում այս կամ այն ոլորտում հայտնաբերված խախտումներն ու չարաշահումները ոչ թե առանձին դեպքեր, էպիզոդներ են, այլ, ինչպես նշված է այդ հաշվետվություններում, դրանք ընդհանրական են, կրում են համակարգային բնույթ: Այս եզրերի կամ սահմանումների օգտագործումը Վերահսկիչ պալատի փաստաթղթերում նշանակում է միայն մի բան, որ ուսումնասիրվող ոլորտներն ամբողջովին ախտահարված են, հափշտակություններն ու չարաշահումները տիրապետող ու խրոնիկ բնույթ են կրում այդ ոլորտներում: Հաջորդ ոչ պակաս անհանգստության հիմքը. Վերահսկիչ պալատը բյուջեի ծախսային մասի տնօրինման այս խայտառակ վիճակը արձանագրում է պարբերաբար, արդեն 4-5 տարի: Փոխվում են ստուգման ու ուսումնասիրման ոլորտները, գերատեսչությունները, դրանց ղեկավարները, բայց չի փոխվում արձանագրվող վիճակը»,- ասաց Ջհանգիրյանը: Նրա խոսքով՝ համատարած թալանի այս պատկերի վրա բացարձակ անհասկանալի ու անընդունելի է մեր իրավապահ մարմինների, նրանց տնտեսական հանցագործությունների դեմ օպերատիվ ու հետախուզական միջոցներով պայքարի կոչված մասնագիտացված կառույցների, ՀՔԾ-ի, ՀՀ գլխավոր դատախազության, նրա շահերի պաշտպանության վարչության իներտ կամ անտարբեր վերաբերմունքը: «Վերահսկիչ պալատի նախագահը մեր խմբակցության հետ այս հաշվետվությունը քննարկելիս, խոստովանեց, որ վերջին երկու տարիներին պալատի ուսումնասիրությունների արդյունքները ՀՀ դատախազություն այլևս չի ուղարկում, որովհետև հիասթափված է այդ մարմնից: Բայց իրավապահ մարմինների հանցավոր անգործությունը պայմանավորել կամ բացատրել միայն նրանով, որ Վերահսկիչ պալատը բյուջեի հափշտակաությունների մասին իրավապահ մարմիններին չի տեղեկացնում, մեղմ ասած ծիծաղելի է: Անկախ այն հանգամանքից՝ այդ հաշվետվությունները հասցեագրվում են իրավապահ մարմիններին, թե ոչ, դրանք նախապես տեղադրվում են պալատի ինտերնետային կայքում, պալատի մասին օրենքի պարտադրանքով ուղարկվում ՀՀ նախագահին ու կառավարություն, ուստի իրավապահ մարմինների կողմից դրանց չարձագանքելը ուղղակի անհնար է»,- ասաց նա:
Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ եթե մի պահ մոռանանք Սոցապ ծառայության նախկին պետի և միջին օղակի մի քանի պաշտոնյաների քրեական հետապնդման օրինակը, ապա կարելի է պնդել, որ Վերահսկիչ պալատի վերջին մի քանի տարիների ուսումնասիրությունների ու ստուգումների ընթացքում արձանագրված պետբյուջեի անխնա մսխման ու թալանի հարյուրավոր փաստեր այդպես էլ քրեա-իրավական շարունակություն չեն ստանում:
Երևույթին, ըստ պատգամավորի, կարող է տրվել երկու բացատրություն. նախ, Վերահսկիչ պալատի ամփոփագրերում արձանագրված փաստերը ինչ-ինչ պատճառներով միտումնավոր ուռճացվում, գույները խտացվում են, և իրավապահ մարմինները դրանցում շարունակաբար հանցակազմ չեն տեսնում: «Երկրորդ, իրավապահ մարմինները, կրկին ինչ-ինչ շարժառիթներից ելնելով, անթաքույց հովանավորում են բյուջեից կատարվող այդ թալանը,կոծկում փաստերը կամ, որ նույնն է, իրենք էլ են բյուջեում փայ մտնում»,- հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը:
Երկու դեպքում էլ կատարվում է ծանրագույն հանցագործություն և, Ջհանգիրյանի խոսքով, հրատապ խնդիրն է պարզել, թե վերը նշված բացատրություններից որն է իրականը, օբյեկտիվը: «Հանդուրժել այս վիճակը, ինչպես նշեցին նաև քաղաքական մեծամասնության ղեկավարներն ու ներկայացուցիչները, այլևս անհնար է: Որոշումը ԱԺ-ն է, հակառակ պարագայում մենք էլ ենք դառնում այս թալանի մասնակիցն ու պարտակողը»,- ընդգծեց նա: