Lragir.am. Ըստ ամենայնի, ԱՄՆ-ը հետեւողականորեն փորձում է ապաարգելափակել Հարավային Կովկասը, սակայն դրան հակադրվում են ոչ միայն Ադրբեջանը Թուրքիայի հետ, այլ նաեւ Ռուսաստանը, որը բոլոր ուղղություններով սահմանափակում է ինտեգրացիոն գործընթացները:
Հարավային Կովկասն արգելափակված է ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաեւ հաղորդակցությունների եւ էներգետիկ առումով: ԱՄՆ-ը փորձում է բաժանել այդ երկու ասպեկտները եւ առանց ռազմաքաղաքական հակամարտությունները լուծելու հասնել էներգետիկ եւ հաղորդուղիների արգելափակման վերացմանը եւ Մեծ Մերձավոր Արեւելք աշխարհաքաղաքական տարածաշրջանին Հարավային Կովկասի ինտեգրվելուն:
Թուրքիան ու Ադրբեջանն ամեն բան անում են, որպեսզի գործընթացում լուծեն նվազագույն խնդիրը՝ Ղարաբաղից գոնե 1-2 շրջան կորզել: Սակայն դա կարող է խախտել ստեղծված ստատուս-քվոն, եւ Արեւմուտքն ակնհայտորեն չի աջակցում Բաքվի այդ ձգտմանը:
Իրանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցներ թուլացումը կհանգեցնի նոր տարածաշրջանային նախագծերի հայտնվելուն: Հայաստանով ու Վրաստանով դեպի Սեւ ծով գազամուղ անցկացնելու Իրանի պատրաստակամության մասին արդեն խոսվում է:
Նոր նախագծերն ու տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը կարող են հարվածել Մոսկվայի նախագծերին, որը փորձում է պահպանել տարածաշրջանում լիակատար ազդեցությունը: Այժմ Մոսկվան ակտիվորեն աշխատում է Հայաստանի շրջափակումը շարունակելու ուղղությամբ: Փաստորեն, Գազպրոմը բացահայտ արգելափակում է Իրանից ավելի էժան գազի գնումը: Վերցնելով Հայաստանի գազաբաշխիչ ցանցների 100%-ը՝ Ռուսաստանը պարզապես թույլ չի տա, որ իրանական գազը հայկական շուկա մտնի, ինչպես նաեւ թույլ չի տա տրանզիտը:
Մինչ այժմ Հայաստանի մեկուսացման ու տարածաշրջանի արգելափակման գործում Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը մեծ հակազդեցության չեն հանդիպել տարածաշրջանում, բացի Հայաստանն ապարագելափակելու ԱՄՆ ոչ այնքան համառ փորձերից՝ հայ-թուրքական երկխոսության ճանապարհով, Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու տորպեդահարմամբ եւ այլ մեթոդներով: Սակայն այժմ տարածաշրջանում գլուխ է բարձրացնում հզոր խաղացող՝ Իրանը, որը կարող է կոտրել ստեղծված ստատուս-քվոն եւ օգնել ԱՄՆ-ին ու Հայաստանին բացել տարածաշրջանը հաղորդուղիների համար:
Իրանի գործոնը կարող է առանցքային դառնալ տարածաշրջանում հիմնականում շնորհիվ այն բանի, որ երկիրը տարիներ շարունակ դուրս է մնացել տարածաշրջանային գործընթացներից, բոլոր երկրների հետ հավասար հարաբերություններ ունի, ներգրավված չէ հակամարտություններում ու միջնորդություններում, ինչը նշանակում է, որ ոչ մեկի առաջ պարտավորություններ չունի:
Փաստացի, Ռուսաստանը տարածաշրջանում իր տիրապետությունը պահելու համար արդեն պետք է պայքարի ոչ միայն Արեւմուտքի՝ ի դեմս ամերիկյան նախաձեռնությունների ու եվրոպական ինտեգրացիայի, այլ նաեւ գլուխ բարձրացնող Իրանի դեմ: Կբավականեցնե՞ն ուժերը: Եվ կօգնի՞ նրան Հայաստանն այդ հարցում:
Նաիրա Հայրումյան