Հայ ազգային Կոնգրեսի քաղաքային խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հասարակական տրանսպորտի վճարների բարձրացման մասին որոշումը հակասահմանադրական է և իրավական ուժ չունի: Հայտարարության տակ ստորագրել էին Մ. Գասպարյանը, Ա. Դովլաթյանը, Ս Գիմիշյանը և Պ. Մակեյանն են: Վերջիններս, հղում կատարելով ՀՀ սահմանադրության 107-րդ հոդվածին, նշում են, որ համայնքի ավագանին է սահմանում տեղական հարկերը, տուրքերը և վճարումները, իսկ այս դեպքում, փաստորեն, ավագանին չի սահմանել:
ԳԱԼԱ-ն կապ հաստատեց Պետրոս Մակեյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել իրավախախտումը արձանագրելուց հետո:
Մակեյանը նշում է, որ առայժմ կսպասեն քաղաքապետարանի արձագանքին, իսկ եթե արձագանք չստանան, ապա կմտածեն, թե ինչ անեն:
«Ժողովրդավարական կուսակցության» նախագահը կարծիք է հայտնում, որ գործող ռեժիմը հենց զգում է, որ ընդդիմությունը թուլանում է, սկսում է ամեն գնով գործելաոճն ուղղել ավելի շատ գումար աշխատելու ուղղությամբ: «Այդ գծերի տերերը հենց իշխանության ներկայացուցիչներն են, որևէ կողմնակի մարդ չկա, կարո՞ղ է որևէ ընդդիմադիր գործիչ երթուղային գիծ ունենա»,- հարցնում է նա:
Մակեյանը քաղաքապետարանից պահանջում է հասարակությանը պատշաճ բացատրություն տալ իր արարքների համար: «Թեկուզ իրենց գծերը լինեն, բայց գոնե թող հրապարակային լինի ամեն ինչ, ասեն, թե գծատերն ինչքան գումար է ստանում, վարորդն ինչքան է վճարում ու ինչքան ստանում, թե չէ հիմա ստացվել է այնպես, որ գազը թանկացվել է 13, իսկ տրանսպորտը 50 տոկոսով»,- նկատում է նա:
ԳԱԼԱ-ն պարոն Մակեյանին տեղեկացրեց, որ քաղաքապետարանը տրանսպորտի գնի թանկացումը չի կապում գազի գնի թանկացմամբ, ով պատասխանեց. «Շատ ճիշտ է, գազի գնի հետ չէ կապված, այլ իրենց գումար վաստակելու ցանկությանը հագուրդ տալու հետ, ու քանի որ ընդդիմադիր ուժերը այժմ համեմատաբար հանգիստ են, գործում են իներցիայով, իսկ ոմանք էլ անգամ իրար դեմ, մտածում են' շատ գումար աշխատեն, որ հաջորդ ընտրության ժամանակ այդ թալանը ներդնեն»:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանում տրանսպորտի գնի թանկացնողներն անգամ հերքում են, որ առհասարակ «գծի տերեր» ու «պլան» հասկացություններ գոյություն ունեն: «Գծատերերի կնքահայրը Գալուստ Սահակյանն է, դա աշխարհը գիտե: Ուղղակի երևի պատգամավորներից ոմանք արդեն օլիգարխիայի դասին են անցել և գծերը հանձնում են ճտերին, իսկ ճտերը որպես գծատերեր չեն հաշվվում»:
Պարոն Մակեյանը հիշում է, որ դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահ եղած ժամանակ մի անգամ փորձեցին բարձրացնել տրանսպորտի գինը, բայց ժողովրդական ճնշման ներքո նորից իջեցրին և հույս է հայտնում, որ հիմա էլ, եթե հասարակությունը դիմադրողականություն ունենա, ինչ որ բան կփոխվի:
Արաքս Մամուլյան