Ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի դեմ իբրև թե պատրաստվող դավադրության մասին: Այս մասին Haqqin.az կայքում հոդված է հրապարակել լրագրող Էյնուլլահ Ֆատուլաևը:

Իր գրած հոդվածում լրագրողը նշում է, որ «միլիարդատերերի միությունը» (այսպես Ադրբեջանում անվանում են անցյալ տարի ստեղծված «Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միություն»-ը, որի նախաձեռնողներն ադրբեջանական ծագման օլիգարխներն են) հանդես է գալիս Իլհամ Ալիևին ուժի միջոցով տապալելու նախաձեռնությամբ:

Ընդ որում, հեղինակը նշում է, որ դավադրության կազմակերպիչների ղեկավար, նախկին վարչապետ Աբբաս Աբբասովի թիկունքում կանգնած է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը: Ըստ հոդվածագրի' Կրեմլում որոշել են գործի դնել հարևան Վրաստանում իրեն արդարացրած մեխանիզմը' իշխանության գլուխ բերելով իրենց միլիարդատիրոջը: Ալիևին տապալելու համար «Միլիարդատերերի միությունը» հատկացրել է 20 մլն դոլար, գրում է հեղինակը:

Իհարկե, այս դավադրությունը տապալվել է, քանի որ դրան իբրև թե դեմ է եղել ՌԴ նախագահ Պուտինը: Եվ այն, որ Պուտինն այսօր Ադրբեջան է ժամանելու, վկայում է, որ ՌԴ նախագահը հանդես է գալիս Ալիևյան ռեժիմի պաշտպանությամբ, նշված է հոդվածում: