Hetq.am Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ավագանու խմբակցություններին գրավոր առաջարկություն է արել մասնակցել ձևավորվող այն հանձնաժողովի աշխատանքներին, որը զբաղվելու է մայրաքաղաքում ուղևորափոխադրումների վարձավճարների հստակեցման հարցով:
Նախատեսվում է, որ հանձնաժողովում ընդգրկվելու են ոչ միայն Երևանի ավագանու անդամները, իրավասու պաշտոնատար անձինք, այլև մասնագետներ տրանսպորտի ոլորտից, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև վարձավճարների դեմ բողոքող քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներ:
Նման հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին Մարգարյանը հայտարարել էր այս տարվա հուլիսին, երբ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ քաղաքապետի անհասկանալի որոշման դեմ ծավալվել աննախադեպ մասշտաբային բողոքի ակցիա, որը մեծանում էր ձնագնդի էֆեկտով:
«Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից եւ շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի»,- հանրությանն ուղղված ուղերձում ասել էր քաղաքապետը:
Դեռ հուլիսն էր պարզ, որ ուղեվարձի թանկացման մասին որոշման կասեցումը ժամանակավոր բնույթ է կրում: Դրա մասին քաղաքապետը թափանցիկ ակնարկել էր հենց նույն այդ ուղերձում' նշելով, թե ուղեվարձը 150 դրամ դարձնելը այն գինն է, որը պետք է վճարվի քաղաքային տրանսպորտային համակարգը արդիականացնելու դիմաց, և որ դա այլընտրանք չունեցող քայլ է:
Քաղաքապետն ստիպված էր գնալ ժամանակավոր զիջման, որովհետև ոչ միայն նրա, այլև ողջ քաղաքական իշխանության համար պարզ էր, որ բողոքի այս ակցիաների հետագա ծավալումը հանգեցնելու է անկանխատեսելի հետևանքներով սոցիալական պայթյունի: Անհրաժեշտ էր լիցքաթափել մթնոլորտը և այդ խնդիրը լուծվեց ժամանակավոր կասեցման մասին հայտարարությամբ:
Սոցիալական բունտի իրական վտանգ այսօր, կարծես թե չկա: Հասարակությունը տարված է Մաքսային Միությանը միանալու Սերժ Սարգսյանի մոսկովյան որոշման հետևանքների քննարկումներով, և իշխանությունը համարում է, որ սա ամենահարմար ժամանակն է բավարարելու գծատերերի ախորժակը, մանավանդ որ եվրոպացիների առջև «բարի պապիկի» կարպարով հանդես գալու խնդիր, այլևս չկա:
Տարոն Մարգարյանի կողմից ստեղծվող հանձնաժողովի միակ նպատակը, ըստ այդմ, լինելու է անխուսափելի թանկացումը որքան հնարավոր է անցնցում, փափուկ իրականացնելը: Նախորդ փորձի ժամանակ իրական բացթողումը իշխանությունը համարում էր ոչ թե ուղեվարձի բաձրացման ժամանակավրեպությունը, այլ հապճեպորեն դա անելու սոցիալական հետևանքները չհաշվարկելը:
Պատահական չէ, որ քաղաքապետը հուլիսյան իր ուղերձում հանձնաժողովի ստեղծման նպատակը ոչ թե համարում է ուղեվարձի թանկացման հիմնավորվածությունը պարզելը, դրա օբյեկտիվ անհրաժեշտության նախադրյալների ստուգումը, այլ իր նախորդ' «Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը ամբողջական դարձնելու բոլոր այն մեխանիզմների մշակումը:
Ինքնին նման ձևակերպում կատարելն ակամա ինքնախոստովանություն է այն մասին, որ ժամանակին կայացված ողեվարձի թանկացման որոշումը եղել է ոչ ամբողջական, այսինքն՝ ոչ լեգիտիմ: Հիմա հանձնաժողովը լուծելու է այդ խնդիրը: Եվ դա ապահովվելու է հենց ակտիվիստների, ՀԿ-ների ու ոլորտային մասնագետների ներգրավմմամբ:
Քաղաքապետարանին ոչ թե բովանդակային քննարկումներ կամ ռացիոնալ որոշումներ են պետք, այլ ընդամենը այդ շրջանակների ընդգրկվածության իրողության թմբկահարմամբ տպավորություն թողնելը, թե թանկացման մասին կայացվելիք որոշումը հանրային կոնսենսուսի արդյունք է: Այլ կերպ ասած' այդ շրջանակների ներկայացուցիչները պարզապես շիրմայի դեր են կատարելու, որովհետև ամենակարևորը' թանկացման քաղաքական որոշումն արդեն կայացված է, և բոլոր կողմերին մնում է ընդամենը ճիշտ խաղալ սեփական դերը այս ոչ այնքան հաջող բեմադրված ներկայացման մեջ:
Ողջ հարցն այն է, թե արդյոք շիրմա ապահովող այդ շրջանակները ցանկություն կունենա՞ն դառնալու նման անհաջող բերադրության դերասանները: Օրինակ՝ Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունն արդեն պաշտոնապես մերժել է այդ հանձնաժողովում ընդգրկվելու քաղաքապետի առաջարկությունը: Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ նման դեպքերում սովորաբար օգնության են հասնում գրպանային խամաճիկները:
Հայաստանում վաղուց արդեն նմանատիպ հանձնաժողովների ստեղծումը զուտ մանիպուլյացիոն նշանակություն է ձեռք բերել: Օրերս այս հնարքին դիմեց նաև Զինդատախազ Գևորգ Կոստանյանը, ում նախաձեռնությամբ ստեղծվեց զինված ուժերում մահվան ելքով դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի ուսումնասիրման մի հանձնաժողով, որի ողջ իմաստը իրավապաշտպանների ու ոլորտային ՀԿ-ների ներկայացուցիչների ներգրավում ապահովելով այդ գործեով իրականացված նախաքննությունների լեգիտիացումն էր և խնդրահարույց դեպքերի շուրջ հասարակական աղմուկն այդպիսով դադարեցնելը:
Եվ ահա այս ֆոնին հիմա էլ ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով' չնայած այն բանին, որ հանձնաժողովի անդամենը դեռևս չգիտեն' ինչ ուղղությամբ կամ նպատակով են տանելու այդ բարեփոխումները: Այնպես որ, հանձնաժողով ստեղծելու իր որոշմամբ Տարոն Մարգարյանն օրիգինալ չէ: Ավելին՝ այս մեթոդից օգտվելը պարզորոշ ցույց է տալիս, որ խնդիրն փողի մեջ է, գծատերերի շահույթը մեծացնելու, այսինքն՝ այն, ինչ փորձ արվեց անել հուլիսին:
Մինչդեռ քաղաքապետարանից հանրային ակնկալիքը ոչ այնքան ուղեվարձի թանակցումը կանխելն էր, որքան մեկ պարզունակ հարցի պատասխանն ստանալը. ինչու պետք է վճարել ավելի շատ' նույն անմխիթար կիսակաթվածահար տրանսպորտային համակարգից, ծառայություններից օգտվելու համար:
Այս հարցի պատասխանը քաղաքապետրանը կատեգորիկ հրաժարվում է տալ, թեև Տարոն Մարգարյանն ինքն էր հուլիսյան իր ուղերձում հստակ մատնանշում առաջնահերթ լուծման ենթակա հիմնախնդիրները. «Ավտոպարկի ամբողջական արդիականացում, միասնական վճարման ժամանակակից համակարգի ներդրում, անվտանգության մակարդակի էական բարձրացում, թիրախային խմբերի համար նպատակային քաղաքականության իրականացման գործուն մեխանիզմների ստեղծում, ի վերջո' արժանապատիվ երթեւեկի ապահովում»: Բայց սրանց մասին քաղաքապետը մոռացել է հանձնաժողով ստեղծելու և նրա գործառույթները սահմանելու ժամանակ:
Քաղաքապետարանից դեմքի լուրջ արտահայտությամբ, համառորեն փորձում են համոզել, որ քաքաղաքային տրանսպորտի ոլորտում կուտակված այս համակարգային խնդիրները չեն կարող լուծվել' առանց ուղեվարձի թանկացման: Տարոն Մարգարյանի այն պնդումը, թե 150 դրամն այդ միջոցառումների գինն է, նման պատկերացումների դրսևորում է: Փաստորեն, նրանք պահանջում են, որ քաղաքացիներն իրենք վճարեն' մասնավոր ընկերությունների մատուցված տրանսպորտային ծառայությունների որակը բարձրացնելու համար: Սա նույն է, եթե, ասենք, շուկայում հոտած լոլիկ վաճառողը սկսի իր ապրանքը թանկ վաճառել' հաճախորդներին համոզելով, թե հակառակ դեպքում հաջորդ տարի ավելի որակով լոլիկ չի կարող վաճառել:
Ըստ երևույթին, քաղաքապետարանում առաջնորդվում են տնտեսավարման իրենց իսկ մոգոնած նորահայտ կանոներով, որոնք տնտեսագիտական դասական ընկալումների ու տեսությունների հետ ոչ մի առնչություն չունեն: Այլ կերպ ասած' Երևանի քաղաքապետարանում մտքի գիգանտներ են աշխատում, որոնց դժբախտությունն այն է, որ իրենց տեղն ուղղակի իմացող չկա:
Իրականում, սակայն, ամեն ինչ ավելի տխուր ու անհետաքրքիր է, քան կարելի է պատկերացնել. քաղաքային իշխանությունն առաջնոդրվում է տիպիկ չարչիական սկզբունքներով: Այս հարցում նրա համար քաղաքացիներ կամ երևանցիներ չկան: Կան միայն գծատերեր, որոնք նույնական են թե քաղաքապետարանի և թե իշխանության վերին ու միջին օղակների հետ: Այնպես որ, այս հանձնաժողովի աշխատանքներին կողքից մասնակցելը նույնն է լինելու, ինչ սեփական կամքով կարթից կախված խայծ դառնալը: