Այսօր կայացավ  Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը, նրանց միացան համանախագահները եւ երկու երկրների արտգործնախարարները»,-twitter-ի էջում գրել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հանդիպել են Նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

 

***

 

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում քիչ առաջ ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, «նորմալ» է գնահատել կայացած հանդիպումը։

 

 

***

 

Վիեննայում այսօր կայացած Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով տարածել են մամլո հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է. «Համանախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին Վիեննայում, որտեղ նախագահները ժամանել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու նպատակով:

Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Սա նախագահների առաջին հանդիպումն էր 2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովից հետո:

Առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:

Որպես հետագա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի «հարթակներում», որը կկայանա ս.թ. դեկտեմբերի 5-6-ը Կիևում: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչև ընթացիկ տարվա վերջ»:

 

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ի երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը, ինչպես նաև նոյեմբերի 19-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը վերաբերող հարցեր:

Ավստրիայի մայրաքաղաքում առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ բանակցային ճանապարհով խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ:

 

***

 

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտոնում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ինչպես գրում է APA ադրբեջանական գործակալությունը, հղում կատարելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին, Քերրին և Դավութօղլուն այդ մասին հայտարարել են հանդիպման ավարտին:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա մենք խորհրդակցություններ ենք տանում տարբեր մեխանիզմներով: Մենք հուսով ենք, որ այդ սառեցված հակամարտությունը շուտով կավարտվի, ինչը խաղաղություն կբերի Կովկասին և տարածաշրջանին: Ես ուրախ եմ տեսնել, որ Քերրին և ես այդ հարցին նույն տեսակետից ենք մոտենում, և հուսով ենք, որ Սարգսյանի և Ալիևի միջև հանդիպումը հաջող կընթանա»,-ասել է Դավութօղլուն:

ԱՄՆ-ի պետքարտուղարն իր հերթին նշել է, որ ինքը խոսակցությւոններ է ունեցել երկու երկների նախագահների հետ: Ես խոսել եմ և' նախագահ Ալիևի, և' նախագահ Սարգսյանի հետ վերջին 72 ժամվա ընթացքում: Մոտ ժամանակներս նրանք կհանդիպեն: Մենք հանդես ենք գալիս գործընթացի զարգացման և առաջընթացի օգտին»,-ասել է Քերրին:

 

***

 

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն մոտենում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին միևնույն տեսակետից: Այս մասին երեքշաբթի օրը հայտնում է Anadolu գործակալությունը' հղում կատարելով ԱՄՆ-ի կատարած այցի ժամանակ արտգործնախարար Դավութօղլուի արած հայտարարությանը:

«Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մոտ ժամանակներս կլուծվի, և դրանով Կովկասյան տարածաշրջանում կայունություն կհաստատվի», ասել է նա:

 

***

 

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի'որքան էլ նախագահը ցանկանար պահպանել այս կառավարությունը, ստիպված է լինելու ցրել այն: Նկատի ունենալով հաջորդ տարվա կենսաթոշակային փոփոխությունները, համախառն կուտակումը ՀՆԱ-ում լինում է 21-23%:

 

***

 

Ռուսաստանը պատրաստվում է ուժեղացնել Բելառուսի հետ միասնական ՀՕՊ համակարգը և սկսել նմանատիպ համակարգ ստեղծել Հայաստանի և Ղազախստանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti–ն, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նախագահի խոսքով՝ նման համագործակցությունը կբարձրացնի Ռուսաստանի և գործընկերների պաշտպանական ներուժը, կնպաստի եվրասիական տարածությունում խաղաղության և կայունության ամրապնդմանը:

 

***

 

ՀՀ ոստիկանության քննչական խումբը սեպտեմբերին մեկնել էր Կիպրոս: Քննչական խումբը Կիպրոսի դատախազության հետ համատեղ քննչական գործողություններ է իրականացրել' պարզելու վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի առնչությունը Կիպրոսում գրանցված օֆշորային երկու ընկերություններին: Այդ ընկերություններում' «WLISPERA HOLDINGS LIMITED»-ում եւ «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ում, բաժնետերեր են վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: Գրում է Hetq.am-ը:

Կիպրոսից քննչական խումբը բերել է ընկերությունների ռեգիստրում առկա փաստաթղթերը: Ոստիկանության «Հետքի» աղբյուրի փոխանցամամբ՝ Կիպրոսից բերված ընկերության հիմնադրման փաստաթղթերում առկա են Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի ստորագրությունները: Ոստիկանությունը ստորագրություններն ուղարկել է փորձաքննության: Հիշեցնենք, որ «Հետքի» հետաքննության հրապարակումից հետո թե Տիգրան Սարգսյանը, թե Նավասարդ Կճոյանը հայտարարեցին, որ իրենք առնչություն չունեն այդ ընկերությունների հետ:

 

***

 

Շանթ Հարությունյանը երկու ամսով կենթարկվի դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության:

Վերջինս իրեն համարում է լիովին առողջ, և այդպիսի փորձաքննության անհրաժեշտություն չի տեսնում:

«Դատարանը որոշեց բավարարել վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը, նշանակել դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն: Նրան կտեղավորեն «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում' մաքսիմում երկու ամիս ժամկետով:

Ինչպես գիտենք, փորձաքննությունների հիմնական ժամկետը տևում է 21-ից 24 օր, բայց դատարանը երկու ամիս ժամկետ է սահմանել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը: