ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նոյեմբերի 29-ին անցկացնելու է արտոնված հանրահավաք, բայց նոյեմբերի 26-ից նախագահի նստավայրի դիմաց մի քանի ԱԻՄ-ականերով նստացույց են անելու՝ «Վիլնյուս կամ հրաժարական» և այլ բովանդակություններով պաստառներով։ Այս մասին NEWS.am-ին նոյեմբերի 25-ին ասաց Պարոյր Հայրիկյանը։
«Նոյեմբերի 28-29-ին նախագահը պետք է Վիլնյուսում լիներ և մեր ժողովրդի անունից դրական արձագանքեր Եվրոպական Միության հետ ընկերային հարաբերությունների կայացմանը՝ ոչ թե անդամությանը, այլ մերձեցմանը: Սակայն հանկարծ հայտարարվեց, որ Հայաստանը անդամագրվելու է Մաքսային միությանը, ինչը հանկարծակի էր նաև իր՝ նախագահի համար, որովհետեւ չեմ կարծում, որ այդ աստիճանի անհետեւողական կարող ա լիներ, քանի որ նրան վաղուց եմ ճանաչում»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Հայրիկյանը հիշեցրեց՝ Եվրոպական Միությունը գործում է ավելի քան 60 տարի, իսկ Մաքսային միությունը զրոյական վիճակում է. «Մաքսային Միությունը ուղղակի փորձարկում է: Հայ ժողովուրդը ճագար չի, հայերը ճագարներ չեն, որ ենթարկվեն ինչ-որ 3 բռնապետերի հավակնություններից բխող փորձարարական առաջարկին»:
Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ ժողովրդի մեծ մասը դեմ է Մաքսային միությանը, բայց այդ մարդկանց մի մասը անկախության կողմնակից է: «Իրենք ասում են՝ ոչ մեկին չմիանանք: Այդ տեսակի մարդկանց պիտի ասեմ՝ ոչ մեկդ ինձանից անկախական չեք, բայց ես շատ լավ հասկանում եմ, որ մենք Մաքսային Միության անդամ դառնալիս կորցնում ենք մեր անկախությունը, իսկ Եվրոպական միությունը այս փուլում մեզ ընդամենը առաջարկում է հարաբերությունների սերտացում, ազատ առեւտրի գոտի»,-ասաց ԱԻՄ նախագահը:
Հայրիկյանը ասաց, որ Ռուսաստանը պայմանագրով պարտավորվում է Հայաստանի անվտանգությանը աջակցել, սակայն Ռուսաստանը ոչ մի կերպ չի արձագանքում սահմանին անընդհատ հնչող կրակոցներին. «Ռուսաստանն այսօր իր դերը չի կատարում, ի՞նչ երաշխիք, որ վաղը պիտի կատարի, ինչի մեզ պիտի ստրկացնենք»։
Շարունակությունն այստեղ: