Խարդախության մեղադրանքով մի քանի ամիս առաջ կալանավորված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը պատրաստվում է բողոք ուղարկել Վերաքննիչ դատարան՝ ազատամարտինի նկատմամբ կիրառված կալանքի սանկցիայի դեմ: Այս մասին Tert.am-ին փոխանցեց Արա Զաքարյանը:
«Ազատամարտիկի կալանավորման հետ կապված, եթե ինչ-որ փոփոխություններ լինեն, դրա մասին առաջինը լրագրողները կտեղեկանան»,-ասաց նա:
Վերջինիս փոխանցմամբ՝ կալանավայրում Վոլոդյա Ավետիսյանը դեռ առողջական խնդիրներ չունի:
Հարցին, թե արդյոք Պաշտպանության նախարարության որևէ պաշտոնյա այցելե՞լ է ազատամարտիկին, թե ոչ, փաստաբանը պատասխանեց, որ տեղեկություններ չունի այդ մասին:
Ինչ վերաբերում է համաներման ակտի կիրառմանը, Արա Զաքարյանը նշեց, որ քանի որ ազատամարտիկի հանդեպ նոր մեղադրանք է առաջադրվել, համաներման որոշումը մնում է դատարանի վրա: «Եթե դատարանը մեղավոր ճանաչի անձին և նշանակի պատիժ, որը չի գերազանցի հինգ տարին, համաներման կիրառմամբ անձը կարող է ազատվել պատժից: Բայց քանի որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ երկրորդ մեղադրանք է առաջադրվել, նրա վրա համաներման ակտն էլ չի տարածվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը կասկածվում է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից 2000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ: Մի շարք ազատամարտիկների գնահատմամբ՝ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում իր ծավալած պայքարի համար: