Դերասան Վարդան Պետրոսյանի քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազ Արմեն Առաքելյանն իր դիմումի համաձայն 2013թ. դեկտեմբերի 20-ին ազատվել է աշխատանքից՝ թոշակի գնալու կապակցությամբ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:

 

Արմեն Առաքելյանի գործերը փոխանցվել են այլ դատախազների: «Կոնկրետ Վարդան Պետրոսյանի գործով դատավարական ղեկավարումն իրականացնում են Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Սարգսյանը և Կոտայքի մարզի դատախազության դատախազ Վահան Սարգսյանը»,– ասաց Շահեն Տոնոյանը։

 

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու երիտասարդ էր մահացել։ Դերասանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել էր կալանքը, որը 2013թ. դեկտեմբերի 30-ին երկարացվել էր 2 ամսով։