Ինչպես նախկինում տեղեկացրել էր ՀՀ ոստիկանությունը' հունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1955 թ. ծնված, նակինում 7 անգամ դատապարտված Լևոն Հ.-ն և հայտնել, որ բենզին է լցրել նախկին կնոջ ու նրա տնակի վրա և հրկիզել:

 

Շտապ դեպքի վայր մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղում գտնվող իր նախկին կնոջ' 1960 թ. ծնված Օֆելյա Մովսեսյանի և վագոն-տնակի վրա բենզին է լցրել և հրկիզել:

 

Վագոն-տնակում է եղել նաև Օֆելյա Մովսեսյանի ներկայիս ամուսինը' 1942 թ. ծնված Ռուդոլֆ Բ.-ն:

 

Վերջիններս այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղից բերման էր ենթարկվել:

 

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Լևոն Հ.-ն ձերբակալված է:

 

Հունվարի 22-ին, ժամը 21.30-ին, Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Օֆելյա Մովսեսյանը մահացել է:

 

Նախաքննությունը շարունակվում է: