Ինչպես տեղեկացնում է regnum.ru-ն, ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին խուսափել բռնությունից ու շարունակել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Մարի Հարֆը՝ Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ընթացքում:

 

«Մենք կոչ ենք անում կողմերին փորձել զերծ մնալ բռնությունից ու աշխատել հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհներ գտնել»,-ասել է Հարֆը՝ մեկնաբանելով օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան՝ Ջրաբերդի և հարավարևելյան՝ Կորգանի ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր էր իրականացրել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: