Զինյալների իրակացրած պայթյունի հետևանքով Հալեպում փետրվարի 3-ին մեծ նյութական վնասներ է կրել Ֆինանսների տնօրինության շենքը: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, պայթուցիկ սարքավորումը զինյալները գործի են դրել շինության մերձակայքում. բարեբախտաբար, մարդկային զոհեր չեն եղել: Տնօրեն Մահմուդ Ջամալը նշել է, որ պայթյունից ամբողջովին ոչնչացվել է տեղեկատվության և սարքավորումների մի մասը: Նա նաև հաստատել է, որ բոլոր տեղեկությունների և փաստաթղթերի շրջանառությունն ավտոմատացված է, և պայթյունը չի վերացրել որևէ փաստաթուղթ:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպում փետրվարի 2-ին օդային ռմբակոծության հետևանքով 83 մարդ է զոհվել: Ռմբակոծության են ենթարկվել քաղաքի հյուսիսային շրջանները: Ակտիվիստների խոսքով' զոհերի մեծամասնությունը քաղաքացիական անձինք են:

 

Զինյալների իրականացրած մեկ այլ պայթյունի հետևանքով Համայի Ռաբիա գյուղում 5 աշակերտ է զոհվել, կան նաև վիրավորներ: Ոստիկանության տեղեկացմամբ' 4 հրթիռներն ընկել են միջնակարգ դպրոցի վրա' աշակերտների դպրոցից դուրս գալու ժամանակ: Նյութական վնասներ են կրել դպրոցը և մերձակայքում գտնվող մեքենաները:

 

Սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում' զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: