Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) եւ ռուսաստանյան «Տրանսնեֆտ»-ը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով նավթի փոխադրման վերաբերյալ փետրվարի 18-ին նոր փոխշահավետ կոմերցիոն պայմանների հիման վրա համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնել է Caspian Barrel-ը' հղում կատարելով SOCAR-ի աղբյուրներին:
Նշվում է, որ նոր համաձայնագրով Ռուսաստանը ավելացրել է ադրբեջանական նավթի փոխադրման ծախսերը, մանրամասները դեռեւս չեն բացահայտվում: 2007 թ. մինչեւ այժմ «Տրանսնեֆտ»-ը ադրբեջանական նավթը Ռուսաստանի տարածքով փոխադրում էր մեկ տոննան 15,67 ԱՄՆ դոլարով: Որոշ ժամանակ առաջ Ռուսաստանը հայտարարել էր, որ մտադիր է 2 անգամ ավելացնել փոխադրման սակագինը: SOCAR-ը նոր տարիֆների մասին տեղեկություն չի հայտնում:
Նոր համաձայնագիր ստորագրելուց մեկ օր առաջ եւս SOCAR-ը հայտարարել էր, որ հրաժարվում է նավթ փոխադրել Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով եւ այսուհետեւ իր նավթը փոխադրելու է միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով: Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից որոշումը նման արագությամբ փոփոխելու պատճառները հայտնի չեն:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Մաքսային միություն եւ Եվրասիական միություն ստեղծվելու հետ կապված նոր աշխարհաքաղաքական եւ տնտեսական զարգացումներից ելնելով' Ադրբեջանը դժվար թե փորձի Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու եւս մեկ առիթ ստեղծել:
Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի միջեւ Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով նավթի փոխադրման վերաբերյալ 1996թ.ս հունվարի 18-ին ստորագրված միջկառավարական պայմանագրի ժամկետն ավարտվել էր փետրվարի 14-ին: Փորձագետները նշում են, որ Ռուսաստանի կողմից նավթի փոխադրման ծախսերը երկու անգամ բարձրացնելը չեն համապատասխանում Ադրբեջանի տնտեսական շահերին: