Հայաստանից Վրաստան նախորդ տարի արտահանվել է 119 հատ մարդատար ավտոմեքենա, ինչն ավելի քան 32 տոկոսով գերազանցել է 2012 թվականի ցուցանիշը: Վրաստան արտահանված ավտոմեքենաների մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 1.9 միլիոն դոլարը: ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2012 թվականին մեր երկրից Վրաստան է արտահանվել 90 հատ մարդատար մեքենա՝ ավելի քան 1.1 միլիոն դոլար մաքսային ընդհանուր արժեքով:
Մեր երկրից նախորդ տարի ընդհանուր առմամբ արտահանվել է 235 հատ մարդատար ավտոմեքենա, որից 119 հատը' Վրաստան, 70 հատը՝ Ռուսաստան, 18-ը՝ Իրան: Մեր երկրից ավտոմեքենա է արտահանվել նաև Հունաստան, Ղազախստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Ուկրաինա և այլ երկրներ:
Հայաստան ներկրվող ավտոմեքենաների քանակն անցյալ տարի, 2012 թվականի համեմատ, աճել է 18.55 տոկոսով և կազմել 41 հազար 102 հատ: Նախորդ տարի մեր երկիր բերված ավտոմեքենաների ընդհանուր քանակի մոտ 61.5 տոկոսը կամ 25 հազար 257 մեքենա ունեցել է մինչև 5 հազար դոլար արժեք: Ավտոմեքենաների ներկրումը Հայաստան վերջին տարիներին դրսևորում է աճի միտում: 2009-ին մեր երկիր է բերվել 17 հազար 296 մեքենա, 2010-ին՝ 20 հազար 297, 2011-ին՝ 29 հազար 388 մեքենա, 2012-ին՝ 34 հազար 672: