Եվրամիության Eur-Lex պաշտոնական հրատարակությունում հրապարակվել Է Ուկրաինայի այն 18 քաղաքացիների ակտիվների սառեցման մասին որոշումը, որոնց կասկածում են պետական միջոցների ապօրինի յուրացման եւ մարդու իրավունքների խախտումների մասնակցության մեջ:

 

Ընդամենը Եվրամիության խորհրդի՝ 2014 թվականի մարտի 5-ի որոշման մեջ հիշատակված Է 18 մարդ. Վիկտոր Յանուկովիչը եւ նրա որդիներ Ալեքսանդրը եւ Վիկտորը, Ուկրաինայի ներքին գործերի նախարարության նախկին ղեկավար Վիտալի Զախարչենկոն, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, Ուկրաինայի Անվտանգության խորհրդի նախկին ղեկավարներ Ալեքսանդր Յակիմենկոն եւ Իգոր Կալինինը, նախագահի վարչակազմի նախկին փոխնախագահ Անդրեյ Պորտնովը, արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը, նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուեւը եւ նրա եղբայրը՝ ժողովրդական պատգամավոր Սերգեյ Կլյուեւը, ներքին գործերի նախարարության ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Ռատուշնյակը, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը եւ նրա որդին՝ Ռեգիոնների կուսակցությունից ժողովրդական պատգամավոր Ալեքսեյ Ազարովը, ուկրաինացի գործարար Սերգեյ Կուրչենկոն, կրթության նախկին նախարար Դմիտրի Տաբաչնիկը եւ առողջապահության նախկին նախարար Ռաիսա Բոգատիրյովան:

 

«Ուկրաինայի իրադրության առնչությամբ որոշակի անձանց, կազմակերպությունների եւ մարմինների դեմ ուղղված սահմանափակող միջոցների վերաբերյալ» որոշումը հրապարակվել Է լույս հինգշաբթի օրվա գիշերը եւ ուժի մեջ Է մտել հրապարակման պահից: Այն վավերական Է 1 տարվա ընթացքում՝ մինչեւ 2015 թվականի մարտի 6-ը: