Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», Ղրիմի իշխանությունները հուսով են, որ առաջիկա ամիսներին Ռուսաստանից կստանան 1 միլիարդ դոլարի չափով ֆինանսական օժանդակություն: Այդ մասին հայտարարել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը:
«Առաջիկա ամիսներին Ռուսաստանից Ղրիմին ֆինանսական օժանդակության ծավալը կարող է կազմել շուրջ մեկ միլիարդ դոլար: Ամենամոտ ժամանակներս մենք Ռուսաստանի աջակցությամբ կվճարենք բոլոր աշխատավարձերը, կենսաթոշակները և բոլոր սոցիալական վճարները»,- ասել է նա:
Նա նշել է, որ Ղրիմի բնակիչները լուրջ սոցիալական ակնկալիքներ ունեն Ռուսաստանի կազմ մտնելու հնարավորության առնչությամբ: «Մարդիկ գիտեն, որ Ռուսաստանում կենսաթոշակներն ու աշխատավարձերն Ուկրաինայից տարբերվում են 2,5-3 անգամ: Ես կարծում եմ, որ արդեն մարտին' ստանալով կենսաթոշակներ և սոցիալական վճարներ, մարդիկ կզգան տարբերությունը»,-ասել է նա: