«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած մրցույթին հայտ է ներկայացրել 9 թեկնածու: Մրցույթը կկայանա ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին, Մշակույթի նախարարության աշխատակազմում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը:

 

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է թեստի և հարցազրույցի փուլերով: Թեկնածուների անունները' համաձայն օրենքի պահանջի, գաղտնի են պահվում, իսկ հանձնաժողովը ձևավորվում է մրցույթի անցկացումից 24 ժամ առաջ:

 

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Փետրվարի 17-ին Հովհաննիսյանն ազատվել էր պաշտոնից' այլ աշխատանքի ընդունվելու պատճառով: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել թատրոնի տնօրենի տեղակալ Հրաչ Գրիգորյանը:

 

Օպերային թատրոնի ապագա տնօրենի առաջ ներկայացված պարտադիր պայմանների թվում են ՀՀ քաղաքացիությունը, բարձրագույն կրթությունը, մշակույթի ոլորտում կառավարման առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը, իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացությունը (այդ թվում' ՀՀ Սահմանադրության, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ աշխատանքային օրենսդրության և այլ իրավական ակտերի), ինչպես նաև «Ալ. Սպե նդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողությունը: