Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրաժարական չի տա, եթե Սահմանադրական դատարանը պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը Սահմանադրությանը հակասող ճանաչի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: «Կառավարության հրաժարականը քաղաքական հարց է և կապ չունի այդ օրենքի հետ: Ես չեմ համարում, որ որևէ օրենքի հակասահմանադրական ճանաչելը կառավարության հրաժարականի պահանջ կարող է լինել»,-նշեց նախարարը:

 

Դավիթ Սարգսյանի խոսքով' կառավարությունը լիարժեք լուծում է իր առջև դրված խնդիրները, բայց նաև խոստովանում է, որ կան խնդիրներ, որոնց լուծումը դեռևս չի հաջողվել տալ: Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի իրազեկման հետ կապված արվել են բոլոր աշխատանքները, իսկ թե ինչու այնպես ստացվեց, որ հասարակության մի մասը դեմ դուրս եկավ օրենքին, նախարարը պատճառը տեսնում է նրանում, որ կուտակայինի հարցն արդեն ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական քննարկումների դաշտում է:

 

Հարցին' պատրաստ է արդյոք մեր հասարակությունը պարտադիր կուտակային օրենքին, նախարարը պատասխանեց. «Եթե հասարակությունը պատրաստ լիներ, չէինք ունենա այն վիճակը, որ ունենք այսօր, ու Սահմանադրական դատարանում այդ հարցը չէր վիճարկվի»: Դավիթ Սարգսյանը տեղին չի համարում, որ օրենքից հանվի պարտադիր բաղադրիչը:

 

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ' կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու են ֆոնդի կառավարիչների միջոցով: «Դեմ! եմ» նախաձեռնությունը պայքարում է «պարտադիր» բաղադրիչը չեղյալ հայտարարելու համար:

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության մարտի 19-ի նիստին հայտնեց «Դ!եմ եմ» նախաձեռնության հետ երկխոսելու պատրաստակամություն: «Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է, և հրավիրում ենք մեր երիտասարդ գործընկերներին' «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին, այդ երկխոսությանը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքից հրաժարվելն օգտակար կլինի բոլորի համար, և դանշանակում է, որ նաև «Դեմ եմ» շարժումը պետք է վերաձևավորվի և դառնա շարժում' հանուն մեր երկրի ապագայի, հանուն բարեփոխումների, այնպիսի բարեփոխումների, որոնք կստանան մեր երիտասարդների աջակցությունը: Սա մեր ուղերձն է «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին»,-ընդգծել է վարչապետը: