Ռուսաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ ապրիլի 7-ին Բաքվում կայացած հանդիպմանը:
«Մենք գլխավոր շտաբի պետի հետ քննարկել ենք հետագա ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, կան այն զարգացնելու հեռանկարներ: Թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի, թե Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը Ղարաբաղի հարցի լուծումն Է այն առումով, որ առաջ շարժվենք եւ բացառենք դրա լուծման ռազմական ուղիները»,-ասել է Գերասիմովը:
Հասանովն իր հերթին նշել է, որ ՌԴ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ համագործակցությունը զարգանում Է բոլոր ուղղություններով, մասնավորապես, ռազմական շինարարության, կրթության, ռազմատեխնիկական համագործակցության բնագավառներում:
«Վերջին տարիներին այդ ուղղությամբ մեծ աշխատանք Է կատարվում: Այսօր Ադրբեջանի զինուժերը Ռուսաստանից ստանում են արդիական սպառազինություն, տանկեր, մարտական մեխենաներ, հրետանային համակարգեր: Այդ ամենը նպաստում Է մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը»,-նշել Է նա:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել Է. «Հուսով եմ, որ Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, կնպաստի այդ հարցի խաղաղ կարգավորմանը», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: