Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը եւ առանցքայինը վերաբերում էր մարզի գյուղատնտեսության 2013 թվականի ձեռքբերումներին եւ գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ընթացքին: Եվ պատահական չէր, որ նիստի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը:
Վերոնշյալ հարցերի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ մարզի գյուղատնտեսությունը 2012 թվականի համեմատ աճ է արձանագրել թե՛ դաշտավարության, թե անասնապահական ճյուղերում' էականորեն ավելացնելով հացահատիկի, պտուղ-բանջարեղենի, կաթի եւ մսի արտադրությունը:
Մարզի տնտեսությունները հիմնականում պատրաստ են գարնանացանի աշխատանքներին: Մարզ են ներկրվել պետական աջակցությամբ սուբսիդավորված եւ համայնքների տնտեսությունների կողմից պահանջված քանակի սերմացուներ, դիզվառելիք եւ ազոտական պարարտանյութ:
Ըստ զեկուցողի' այժմ մարզի գյուղատնտեսության հիմնական խնդիրը մնում է գյուղմեքենաների շարժակազմի թարմացումը. առնվազն 20 միավոր նոր տեխնիկայի, հատկապես' կոմբայնների ներկրման պահանջ է զգացվում:
Գեղարքունիքի մարզի համայքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով' մարզում սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 108,5 տոկոս, կամ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ այս տարի գրանցվել է 23,5 տոկոս աճ: Վարչության պետը, սակայն, շեշտեց, որ նման արդյունքը հնարավոր է եղել ապահովել 33 համայնքների ցույց տված գերբարձր արդյունքների շնորհիվ, մինչդեռ մնացած 58 համայնքներում դեռեւս արձանագրվում են միջինից ցածր արդյունքներ: Առաջին եռամսյակի վերջի դրությամբ' Վարդենիսի եւ Գավառի քաղաքային, Երանոսի, Վարդենիկի, Ձորագյուղի, Ծովակի, Զոլաքարի եւ այլ գյուղական համայնքներ արդեն սեփական եկամուտների հավաքագրման պլանները կատարել են կիսամյակի կտրվածքով:
Գեղարքունիքի մարզի 26 համայնքներում 2013 թվականին իրականացված վարչական վերահսկողության արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչության պետ Իվան Ասատրյանը: Նա նշեց, որ համայնքներում իրականացված վարչական վերահսկողության արդյունքները քննարկվել են ինչպես տեղերում, այնպես էլ Գեղարքունիքի մարզպետարանում, արձանագրված թերացումներն ու բացթողումները ուղղելու համար Գեղարքունիքի մարզպետի կողմից տրվել են հա մապատասխան հանձնարարականներ եւ ցուցումներ: Վարչության պետը հորդորեց համայնքի ղեկավարներին' ոչ միայն համապատասխան ժամկետներում վերացնել արձանագրված թերություններն ու բացթողումները, այլ նաեւ նույն կամ այլ կարգի սխալներ թույլ չտալ' աշխատանքները կազմակերպելով բացառապես օրենքի պահանջներին համապատասխան:
Ապա առանձին ելույթով մարզխորհրդի անդամների եւ նիստի մասնակիցների առջեւ հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը: Նա դրվատեց Գեղարքունիքի մարզի գյուղացիական տնտեսություններին, մարզի ոլորտային կառույցներին եւ համայնքների ղեկավարներին' անցած տնտեսական տարում բարձր արդյունքներ ապահովելու համար:
«Գեղարքունիքի մարզը 2013 թվականին արտադրել է 165 միլիարդ դրամի գյուղմթերք' հանրապետության գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքում ունեցած մասնաբաժնով գրավելով առաջին տեղը: Ձեր մարզը առաջին տեղում է նաեւ մսի արտադրության եւ վարելահողերի մշակման ուղղություններում: Այսպես, եթե մեր հանրապետությունում մշակվող վարելահողերը կազմում են ընդհանուր վարելահողերի քանակի 70 տոկոսը, ապա Գեղարքունիքում այդ ցուցանիշը կազմում է 92 տոկոս»,-շեշտեց գյուղնախարարի պաշտոնակատարը: Նա նաեւ հավաստիացրեց, որ այս տարվա ընթացքում եւս պետությունը շարունակելու է գյուղացիական տնտեսություններին աջակցության բոլոր ծրագրերը, ամեն կերպ նպաստելու է գյուղատնտեսության բոլոր ճյուղերի զարգացմանը:
Սերգո Կարապետյանը հույս հայտնեց, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի գյուղատնտեսությունը զարգացում է ապրելու, քանի որ գյուղմթերքների արտահանման կամ ներմուծման պայմանները բավականին կհեշտացվեն, իսկ իրացման համար կբացվեն նոր շուկաներ:
Նա նաեւ շեշտեց, որ դատարկաձեռն չի ժամանել մարզ եւ խրախուսելու է եկել մարզի գյուղատնտեսության մեջ որոշակի դրական դեր կատարած մի խումբ անձանց: Գյուղնախարարի պաշտոնակատարը ՀՀ գյուղնախարարության ոսկե հուշամեդալով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանին եւ Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանին, ՀՀ գյուղնախարարի շնորհակալագրով' մի շարք համայնքապետերի եւ ֆերմերային տնտեսությունների ղեկավարների:
Իսկ Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական պետական ծրագրերի ներդրման, աջակցության ծրագրերի իրականացման, մարզպետարանի եւ համայնքների հետ հաստատված կայուն եւ արդյունավետ համագործակցության համար, Գեղարքունքի մարզպետի որոշմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանին շնորհվեց «Գեղարքունիքի մարզպետի ոսկե հուշամեդալ», որը հանձնեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Ամփոփելով մարզխորհրդի նիստի աշխատանքները' Գրիգորյանը հորդորեց համայնքների ղեկավարներին' տեղերում արդյունավետ կազմակերպել գարնան գյուղատնտեսական աշխատանքները, առավել ուշադրություն դարձնել սեփական եկամուտների հավաքագրմանը, շտկել մարզպետարանի եւ այլ գերատեսչությունների կողմից իրականացված վարչական վերահսկողության արդյունքում արձանագրված սխալներն ու բացթողումները:
Մարզպետը հատկապես կանգ առավ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացների վրա: «Այդպես էլ հասկանալի չէ, թե ինչու իրար կողքի գտնվող եւ նույն ռեսուրսներն ու պայմաններն ունեցող համայնքներից մեկում տեղական բյուջեի հավաքագրումը միշտ գերակատարվում է, իսկ մյուսում' գրանցվում անչափ ցածր արդյունքներ»,- նշեց Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետը հորդորեց նաեւ մարզխորհրդի նիստին մասնակցող իրավապահ կառույցների ղեկավարներին' սեփական եկամուտների հավաքագրման մեջ թերացող համայնքերում համապատասխան ուսումնասիրություններ կատարեց:
Նիստի աշխատանքների ավարտից հետո ՀՀ գյուղնախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը Գեղարքունիքի մարզպետի ուղեկցությամբ այցելեց Վարդաձոր համայնքում գործող «Անի-եղբայրներ» անասնապահական եւ երկրագործական նշանակության ֆերմերային տնտեսություն: