ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլի 14-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց է անցկացրել Ֆրանսիայի իր պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի հետ: «Նախագահ Օբաման Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ խոսել է Ուկրաինայի արեւելքում վատացող իրադրության շուրջ»,- հայտնել է Սպիտակ տունը, որի վարկածով այդ տարածաշրջանում գործող անջատողականները, «դատելով ըստ ամենայնի, Մոսկվայի աջակցությամբ ակտիվացրել են իրենց գործողությունները , որոնք ուղղված են Ուկրաինայի կառավարության ապակայունացմանը»: Ինչպես նշել են երկու երկրների ղեկավարները, «Ռուսաստանը կբախվի այն բանին, որ նրան հարկ կլինի լրացուցիչ լուրջ գին վճարել, եթե նա շարունակի իր ներկայիս գործելակերպը»:

 

Մինչ այդ Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում «խորն անհանգստություն է հայտնել Ռուսաստանի կառավարության կողմից ռուսամետ զինված անջատականներին ցուցաբերվող աջակցության կապակցությամբ»: Նա ասել է, թե Մոսկվան պետք է «օգտագործի ռուսամետ այդ զինված խմբերի վրա ունեցած իր ազդեցությունը եւ համոզի նրանց՝ հեռանալու գրավված շենքերից»: Օբաման նաեւ սպառնացել է հակառուսական պատժամիջոցների խստացմամբ, եթե Մոսկվան շարունակի իր ներկայիս քաղաքականությունը:

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել Օբամային առավելագույնս օգտագործել ամերիկյան կողմի հնարավորությունները, որպեսզի կանխվի ուժի կիրառումն ու արյունահեղությունը Ուկրաինայում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: