Հայաստանը պետք է կարողանա հասնել նրան, որ գերտերությունները Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների շահը չդարձնեն քաղաքական խաղի կանոն: Լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Այստեղ մեծ անելիք ունենք յուրաքանչյուրս՝ ճիշտ համադրելով նաև սփյուռքի ներուժը: Չկա որևէ քաղաքական գործիչ, այդ թվում նաև ԱՄՆ նախագահ Օբաման, որն իր հոգու խորքում չի ընդունում Հայոց ցեղասպանության փաստը: Բայց մենք հասկանում ենք, որ կա նաև իրական քաղաքականություն: Մեր խնդիրը պետք է լինի նաև այն, որ պատմական, բարոյական, իրական ճշմարտությունը վեր լինի իրական քաղաքականությունից, օրվա գերտերությունների քաղաքական օրակարգի շահերից»,- ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով, Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքն ուղղակի դեմագոգիկ հայտարարություն է: Զոհրաբյանի դիտարկմամբ, հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը զոհին և դահճին նույն հարթության վրա դնելու փորձ էր: Միաժամանակ, Զոհրաբյանի կարծիքով, չի գտնվի որևէ լուրջ երկիր, որ չհասկանա Թուրքիայի՝ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու իմիտացիան փորձերը: «Պատմական արդարությունը չվերականգնված' չի կարող որևէ խնդիր լուծվել: Թուրքիան մեկ ճանապարհ ունի լուծել ու տարածաշրջանային խնդիրները՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գերմանիան՝ ճանաչելով Հոլոքոստը՝ ավելի թույլ պետություն չդարձավ, ընդհակառակը' դարձավ ուժեղ, հավաստեց և հաստատեց, որ իրավունք ունի աշխարհի առաջատար պետությունների շարքում ունենալ իր տեղը»,- նկատեց Զոհրաբյանը:
Ապրիլի 24-ին' Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, վաղ առավոտից Ծիծեռնակաբերդում չի դադարում մարդկանց հոսքը: Զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցողներիթվում են Հայաստանի և արտերկրի առաջատար հասաքակական-քաղաքական գործիչները, մտավորականներ, պարզապես քաղաքացիներ: Հարգանքի տուրք մատուցեց նաեւ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը' Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: