ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հրավերով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և ամերիկահայ կազմակերպությունների հետ համատեղ' Կոնգրեսում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել ԱՄՆ կոնգրեսականներ, դիվանագետներ, ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, հայ եկեղեցու հոգևոր առաջնորդներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեզը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:

 

ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկոյին ելույթներով են հանդես եկել մարդու իրավունքների թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարաքօլուն, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայանպաստ խմբի համանախագահները, ինչպես նաև Կոնգրեսի և Սենատի երկու տասնյակից ավելի անդամներ: ԱՄՆ օրենսդիրները իրենց ելույթներում դատապարտել են Թուրքիայում հայերի նկատմամաբ իրականացված ոճրագործությունը և թուրքական կառավարության կողմից որդերգրված ժխտողականության քաղաքականությունը և միաժամանակ զուգահեռներ անցկացրել վերջին շրջանում Սիրիայի հայկական Քեսաբ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

 

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն անդրադարձել է թուրքական լոբբիի կողմից իրականացվող հակահայկական գործողություններին: Դեսպան Մարգարյանը ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարող է էական ազդեցություն ունենալ ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս ապագա աղետների կանխարգելման գործում:

 

Ապրիլի 24-ին Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցիների հոգևոր առաջնորդների, ամերիկահայ համայնքային կազմակերպությունների և Վաշինգտոնի և շրջակա նահանգների հայ համայնքների ներկայացուցիչները ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ մասնակցեցին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ավանդական ոգեկոչման արարողությանը:

 

Հայ համայնքի կազմակերպությունները ծաղկեպսակներ են զետեղել հուշարձանի մոտ, որից հետո Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիների հոգևոր առաջնորդների կողմից ԱՄՆ-ի Հայկական Եկեղեցու Արևելյան թեմի ներկայացուցիչ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանի գլխավորությամբ մատուցվել է պատարագ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

 

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, բարձր գնահատելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իրականացված ջանքերը, ընդգծել է, որ միայն միասնական հետևողական գործունեությամբ է հնարավոր հաղթահարել Թուրքիայի ժխտողականության և լռության պատը: Նա նաև կարևորել է Ամերիկայի Հրեական Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման փաստը:

 

Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիներում մատուցվել է պատարագ՝ նվիրված անմեղ զոհերի հիշատակին:

 

Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, հայ համայնքի բազմաթիվ անդամներ: