Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան' նշելու ղարաբաղյան հակամարտությունում հրադադարի համաձայնագրի ստորագրման 20-ամյակը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը' Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում'«Լեռնային Ղարաբաղ. կարգավորման բանալիները» ելույթի ժամանակ: «Գալիք շաբաթ մենք կնշենք հրադադարի համաձայնագրի ստորագրման 20-ամյակը: Չնայած մենք կարող ենք փոքր-ինչ հպարտանալ, որ կարողացել ենք խուսափել պատերազմի անմիջական վերսկսումից, բայց պետք է նաև համաձայնենք, որ ներկայիս իրավիճակն անընդունելի և անկայուն է: Անվերջ բանակցությունները, բռնության պարբերական բռնկումները, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջափակումը, հիասթափությունը Ադրբեջանում և ներքին տեղահանվածների զայրույթը չեն կարող խաղաղության կամ կայունության հաստատման բաղադրատոմս լինել, և սա, անկասկած, դեպի բարգավաճում տանող ուղի չէ: Տարածաշրջանի ժողովուրդներն ավելիին են արժանի», - ասել է ամերիկացի դիվանագետը:

 

Համանախագահը նշել է, որ երկարատև և կայուն խաղաղության համաձայնագիրը պետք է արտացոլի հակամարտության բոլոր կողմերի մոտեցումները:

 

«Տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներում ես լսել եմ առավել հուսադրող ուղերձներ: Երկու նախագահներն էլ ցանկանում են առաջընթացի հասնել: Նրանք երկուսն էլ համաձայն են, որ վերջին մի քանի տարում բանակցված փաստաթղթերը պարունակում են համաձայնագրի տարրեր: Սակայն ակնհայտ է, որ միայն նախագահներն են կարող համաձայնագրի հասնել և նրանք են, որ պետք է ձեռնարկեն խիզախ քայլեր խաղաղության հասնելու համար: ԱՄՆ-ը հորդորել են երկու առաջնորդներին հանդիպել մոտ ապագայում և օգտագործել խաղաղության հասնելու հնարավորությունը»,- ասել է Ուորլիքը: