Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Մանիսայի նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում պայթյունի եւ հրդեհի հետեւանքով զոհված հանքափորների թիվը գիշերվա դրությամբ հասել է 298-ի: Ոչ պաշտոնական տվյալներով' Սոմայի ածխահանում զոհվել են 250 հանքափորներ:

 

Ինչպես հաղորդում է «Հաբերլեր» լրատվական կայքը, Յըլդըզն ասել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում 1600-1700 մ խորության վրա հայտնաբերված եւս 2-3 հանքափորների դիերը դուրս բերելու ուղղությամբ:

 

Մայիսի 14-ին Սոմայի ածխահանքում պայթյունի պահին 787 աշխատակիցներ են եղել: Հանքում տեղի ունեցած աղետ հետ կապված շտապ դեպքի վայր էր ժամանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տեղի բնակչությունը նրան դիմավորել է բողոքի զանգվածային ակցիայով: Համացանցում տեսանյութ է տարածվել, որում դեպքի վայր ժամանած վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն իր դեմ բողոքող քաղաքացիներից մեկին հարվածում է բռունցքով, իսկ նրա խորհրդական Յուսուֆ Յուրքելը ուժգին աքացի է հասցնում մի այլ քաղաքացու:

 

Թուրքական հանրությանը զայրացրել է այն, որ մեծաթիվ հանքափորների զոհվելու կապակցությամբ ամբողջ Թուրքիան սգի մեջ լինելու օրը, վարչապետն ու նրա խորհրդականը ձեռք են բարձրացրել վշտի մեջ թաղված քաղաքացիների վրա, ավելին, Սոմայի ածխահանքի սեփականատիրոջ հետ հանդիպելու ժամանակ Էրդողանը ժպիտով ողջունել եւ սեղմել է նրա ձեռքը:

 

Սոմա ավանում ածխահանքում պայթյունի հետեւանքով մեծ թվով մարդկանց զոհվելու պատճառով երկրի 19 քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը' մեղադրելով նրան այն բանում, որ ածխահանքերի շահագործումը կատարվում է անվտանգության կանոնների խախտումներով

 

«Սոմայում զանգվածային սպանության մեջ մեղավոր են նրանք, ովքեր ներդրել են սեփականաշնորհման քաղաքականությունը, ովքեր վտանգի են ենթարկել բանվորների կյանքը' շահի հետեւից վազելով կրճատելով ծախսերը: Նրանք պետք է պատասխան տան պատահածի համար», -ասվում է Թուրքիայի արհմիությունների համադաշնության հրապարակած հայտարարության մեջ:

 

Սոմայի ածխահանքը, որտեղ տեղի է ունեցել աղետը, սեփականաշնորհվել է 2005 թ-ին: Աղետի առաջացման ստույգ պատճառները դեռեւս հայտնի չեն: Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել էլեկտրական կարճ միացման կամ էլ հանքի ստորին հատվածներում ածխի ինքնաբոցավառման պատճառով: Աղետի հետ կապված մայիսի 15-ին Թուրքիայում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել: