Ամերիկյան Vella Gulf ռազմածովային հրթիռային հածանավը կարող է Սև ծով մտնել մայիսի 23-ին: Այս մասին հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով զինվորական-դիվանագիտական մի աղբյուր:

 

«Ըստ առկա տվյալների՝ նավը Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հրամանատարության առաջադրանքները կկատարի Սև ծովի ջրատարածքի արևելյան մասում»,- ասել է զրուցակիցը:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Vella Gulf հածանավը պետք է Սև ծովի ջրատարածք մտներ մայիսի 9-ին, սակայն դրա ժամանումը հետաձգվել էր: Աղբյուրի խոսքով՝ այցի ժամկետի փոփոխումը կապված է Ուկրաինայի նախագահական ընտրությունների, որոնք նշանակված են մայիսի 25-ին, և «Ուկրաինայի նոր իշխանության գործողություններին օժանդակելու» ԱՄՆ-ի ցանկության հետ:

 

Մոնտրյոյի կոնվենցիային համապատասխան՝ ոչ ափամերձ պետությունների ռազմանավերը չեն կարող Սև ծովում գտնվել 21 օրից ավելի: Այսպիսով, մայիսի 23-ի առավոտյան մտնելու դեպքում Vella Gulf-ը պարտավոր կինի Սև ծովից հեռանալ հունիսի 13-ի առավոտից ոչ ուշ:

 

Ticonderoga տիպի հածանավերը, որոնց շարքին է դասվում Vella Gulf-ը, զինված են «Թոմահավկ» թևավոր հրթիռներով, ASROC հակասուզանավային հրթիռներով, ինչպես նաև «Ստանդարտ-2» և «Ստանդարտ-3» զենիթային կառավարելի հրթիռներով (ընդամենը 122 հրթիռ):

 

Aegis համակարգի ռադիոտեղորոշման կայանը կարող է իրականացնել 250 – 300 օդային թիրախների որոնում, հայտնաբերում և ուղեկցում, ինչպես նաև դրանց վրա ուղղորդել հակաօդային պաշտպանության հրթիռները: