Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գրանցված 6,5 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով կան վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

 

Երկրակեղևի ցնցումների հետևանքով խուճապի մատնված թուրքերից մի քանիսը Շարքյոյում իրենց նետել են պատուհաններից ու տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Նրանցից 5-ը տեղափոխվել են հիվանդանոց: Չանաքքալեում վիրավորների թիվը հասնում է հարյուրի, իսկ Էդիրնեում նրանք չորսն են:

 

Թուրքիայում, տեղի ժամանակով 12:26-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում: Առաջին' ուժեղ ցնցմանը հաջորդել են ևս 13 հետցնցումներ, որոնցից ամենաուժեղը կազմել է 5,3 բալ: Երկրակեղևի ցնցումները զգացվել են բավական լայն տարածքում' Ստամբուլում, Իզմիրում, Էդիրնեում, Բոլուում, Չանաքքալեում, Էսքիշեհիրում: Որոշ բնակելի շրջաններում շինությունների վրա առաջացել են ճեղքեր: