Միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն, որը, ըստ նախանական արդյունքների, հաղթանակ է տարել Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլում, առաջին «նախագահական» խոստումներն է տվել հանրապետության ժողովրդին:

 

Նա հայտարարել է, թե ընտրությունների արդյունքները վկայում են, որ Ուկրաինայի ժողովուրդն ընտրություն է կատարել հօգուտ եվրաինտեգրացման: «Այսօրվա դրությամբ Ուկրաինայի եվրոպական ձգտման իրագործումը չափազանց կարեւոր է, եւ իշխանության բոլոր թեւերը պետք է իրենց գործունեության մեջ ղեկավարվեն Ուկրաինայի այդ վճռական կամքով»,- ասել է նա:

 

Պորոշենկոն հույս է հայտնել, որ իր պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա հնարավորինս շուտ: «Կարծում եմ՝ շատ շուտով տեղի կունենա պաշտոնակալման արարողությունը: Մենք շատ աշխատանք ունենք անելու»,- նշել է նա: Դրա հետ մեկտեղ միլիարդատերը հայտարարել է, որ ինքը մտադիր է վաճառել իր բիզնեսը:

 

Պորոշենկոն ընդգծել է, որ այժմ գլխավոր խնդիրը խաղաղության ապահովումն է Ուկրաինայում: Դրա համար նա մտադիր է արդեն մոտ ժամանակներս ուղեւորվել Դոնբաս: «Իմ առաջին այցը կլինի Դոնբաս, որպեսզի խոսեմ մարդկանց հետ, այն մարդկանց հետ, ովքեր զենքի չեն դիմում եւ պատրաստ են բանակցել»,- հավելել է նա:

 

Պորոշենկոն վերստին հայտարարել է, որ երկրում անհրաժեշտ է անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ: «Կարծում եմ՝ դրանք պետք է տեղի ունենան այս տարի»,- ասել է նա:

 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա, Պորոշենկոյի կարծիքով, դրանք ամենաբարդն են վերջին երկու հարյուր տարվա ընթացքում: Դրա հետ մեկտեղ նա այն կարծիքին է, որ գոյություն ունեն ձեւաչափեր, որոնք թույլ են տալիս լուծել Կիեւի եւ Մոսկվայի միջեւ կուտակված հիմնախնդիրները:

 

Նախագահի կարգավիճակով իր առաջին արտասահմանյան այցը Պորոշենկոն մտադիր է կատարել Լեհաստան: «Առաջին այցը կարող է լինել ուղեւորությունը Լեհաստան: Ես կմասնակցեմ Լեհաստանի ազատության 25-ամյակի տոնակատարությանը»,- ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: