Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 30,1%-ի հաշվարկի արդյունքում նախագահի թեկնածու, գործարար Պյոտր Պորոշենկոն առաջատար է ձայների 54.14%-ով:
Միլիարդատեր Պորոշենկոն, ով ըստ Еxit poll-ի հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլում, հայտնել է, որ Կիևի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել անվանի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ընդունել է, որ նախագահական ընտրություններն արդար են անցել: Տիմոշենկոն` գիտակցելով, որ Ուկրաինայի արտահերթ ընտրություններում Պյոտոր Պորոշենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնի անվիճելի առաջատարն է համարվում, հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը:
Լուրեր.com-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ, ով նշեց, որ Ուկրաինայի ընտրությունների արդյունքները և նման դասավորվածությունն անակնկալ չէր:
Հարցին' արդյոք ընտրությունների նման արդյունքն ա՞յն էր, ինչ ցանկանում էր Ուկրաինայի բնակչությունը և «Մայդանը», Սաֆարյանը նշեց.
«Ճիշտն ասած' շատերի համար անակնկալ չէր նման դասավորվածությունը: Ուկրաինայի հեռանկարի համար խնդիրը շատ կարևոր էր, և մեծ նշանակություն ուներ, թե ով կընտրվեր առաջադրված թեկնածուներից, թեկուզ հենց Մայդանի հեղափոխության ծնունդներից:
Տվյալ պարագայում շատ ավելի կարևոր է Ռուսաստանի վերաբերմունքն այս ամենին, որովհետև շատ բան է կախված լինելու դրանից:
Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա դրանք անակնկալ չէին, որովհետև «Մայդանը» ցույց տվեց, որ այն ժողովրդի կողմից չափազանց հասկացված շարժում է:
Նույնիսկ եթե Ռուսաստանը հույսեր էր փայփայում, որ Ուկրաինայի մասնատումից հետո, ժողովուրդը կարող էր հիասթափվել Մայդանի ղեկավարությունից և նրանց չվստահել երկրի նախագահությունը, բայց դա տեղի չունեցավ և դա նշանակում է, որ Մայդանի շարժումը շատ լավ հասկացված էր Ուկրաինայում»,- ասաց Սաֆարյանը:
Ընտրությունների ավարտից Օբաման հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում էր. «Բոլոր ամերիկացիների անունից շնորհավորում եմ Ուկրաինայի ժողովրդին, որոնք այսօր տեղի ունեցած ընտրությունների միջոցով հասան այն բանին, որ իրենց ձայնը լսելի դարձավ։ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Ուկրաինայի հաջորդ նախագահի, ինչպես նաև ժողովրդավարության նորմերով ընտրված խորհրդարանի հետ»:
Լուրեր.com-ի այն հարցին, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարի նորանշանակ նախագահը, որպեսզի երկիրը դուրս բերի լարված իրավիճակից և նորմալ հարաբերություններ պահպանի, թե′ Ռուսաստանի և թե′ արևմտյան կողմի հետ, Սաֆարյանն ասաց. «Բարդ է շատ, բայց, կարծում եմ' դա տեղի կունենա:
Դեռ Ուկրաինայի ընտրությունների նախաշեմին, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը չափազանց ուժգնացավ, դրա մասին նույնիսկ խոսվեց Սանկտ-Պետերբուրգում' Տնտեսական ֆորումի ժամանակ: Կարծում եմ' Ռուսաստանի նախագահը ընտրության առջև կկանգնի' կամ վտանգել իր իշխանությունը, կամ նորմալ հարաբերություններ հաստատել Ուկրաինայի հետ»:
Անդրադառնալով Տիմոշոնկոյի' վարչապետ դառնալու մասին հայտարարությանը, Սաֆարյանն ասաց. «Չեմ կարծում, որ իրեն կնշանակեն վարչապետ, բացի այդ էլ Տիմոշենկոն կարծես թե այլևս առաքելություն չունի»: