Աբխազիայի ընդդիմությունը՝ ի դեմս Քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի, հանդես է գալիս Ռուսաստանի հետ նոր պայմանագիր կնքելու օգտին, որն «Աբխազիայի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը կհասցնի որակապես նոր մակարդակի»: Այդ մասին ասված է խորհրդի՝ մայիսի 29-ին տարածված հայտարարության մեջ:

 

Հայտարարության մեջ նշված է, որ Աբխազիան հնուց ի վեր կողմնորոշվում է դեպի Ռուսաստանը, ի դեմս որի տեսնում է իր իրավունքների և ազգային շահերի պահպանման միակ երաշխավորին:

 

«Ցանկանում ենք ընդգծել, որ, անկախ հանրապետության ներքաղաքական գործընթացներից, մեր երկու երկրների ռազմավարական գործընկերությունն այլընտրանք չունի և զարգանալու է եղբայրության, փոխօգնության, Աբխազիայի ինքնիշխանության և պետական անկախության հարգման ոգով: Դրա հիմքը պետք է դառնա նոր պայմանագիրը, որն Աբխազիայի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը կհասցնի որակապես նոր մակարդակի»,-ասված է փաստաթղթում:

 

Մայիսի 27-ի երեկոյան ընդդիմության ներկայացուցիչները հսկողություն են հաստատել Աբխազիայի վարչակազմի շենքի նկատմամբ և հայտարարել, որ իրենց ձեռքն են վերցնում հանրապետության ժամանակավոր կառավարումը: Ընդդիմությունը պահանջում է Անկվաբի պաշտոնաթաղությունը և իշխանության համակարգի բարեփոխումը: Այդ իրադարձություններին նախորդել է Սուխումում կառավարական շենքերի համալիրի մոտ կայացած բազմահազարանոց հանրահավաքը:

 

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը նախօրյակին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ռաշիդ Նուրգալիևի հետ քննարկել է հանրապետության իրադրությունը: «Ալեքսանդր Անկվաբը հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ռաշիդ Նուրգալիևի հետ, քննարկվել է Աբխազիայի ներքաղաքական իրադրությունը»,- ասված է Աբխազիայի նախագահին առընթեր տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության մեջ: Բացի այդ, մայիսի լույս 29-ի գիշերը Աբխազիայի նախագահը հանդիպում է անցկացրել Աբխազիայի Անվտանգության խորհրդի անդամների հետ: