Աֆրիկյան մայրցամաքը ներկայացնող ֆուտբոլի հավաքականների շարքում Նիգերիայի ազգային ընտրանին ֆավորիտներից մեկն է: Նիգերիացիները հաճախ են կրկնում, որ իրենց միավորողը ֆուտբոլն է: Միջանկյալ ասած, Նիգերիան Աֆրիկայի ամենախիտ բնակեցված երկիրն է, որտեղ խոսում են 521 բարբառով: Զարմանալիորեն այս երկրում են լույս աշխարհ գալիս աշխարհի ամենաշատ երկվորյակները: Իսկ աֆրիկյան մայրցամաքում ամենաշատ տպագրվող պարբերականների քանակով նիգերիացիները երկրորդ տեղում են' Եգիպտոսից հետո:

2014 թվականի աշխարհի առաջնությունում Նիգերիայի ազգային հավաքականը ֆուտբոլասեր հանրությանը կներկայանա 5-րդ անգամ: «Սուպեր արծիվները» աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության գործող չեմպիոններն են: ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում ոչ մի պարտություն չկրելով' «արծիվները» դուրս եկան ԱԱ-ի եզրափակիչ փուլ:

1994 թվականին ԱՄՆ-ում անցկացվող ԱԱ-ում նիգերիացիներին հաջողվեց առաջին տեղով դուրս գալ խմբային փուլից: Իսկ 1/8 եզրափակիչում նրանց աեաջխաղացումը կասեցրին իտալացիները:

1998 թվականին Նիգերիայի հավաքականը խմբային փուլում հաղթեց նույնիսկ Իսպանիայի հավաքականին և խմբում զբաղեցրեց առաջին տեղը: Սակայն 1/8-ի պայքարում «ճաշակեց» պարտության դառնությունը' 1-4 հաշվով զիջելով Դանիայի հավաքականին: 2002 թվականի կորեա-ճապոնական ԱԱ-ում «արծիվները» չհաղթահարեցին խմբային փուլը: Բաց թողնելով նաև գերմանական մունդիալը' Նիգերիայի ազգային ընտրանին վերադարձավ 2010 թվականի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած ԱԱ: Այդ առաջնությունում «արծիվների» հետ մեծ հույսեր էր կապել ամբողջ Աֆրիկան, սակայն նիգերիացիները մնացին խմբային փուլում: Այժմ Նիգերիայի ընտրանին խմբից դուրս գալու մեծ հնարավորություն ունի, քանի որ խմբում ընդգրկված հավաքականները, բացառությամբ Արգենտինայի, այնքան էլ անհաղթահարելի չեն, դրանք Բոսնիա-Հերցեգովինան և Իրանն են:

Վիճակագրության համաձայն' «արծիվներն» ավելի շատ գոլեր են խփում, քան' բաց թողնում: Յուրաքանչյուր խաղի ժամանակ նրանք միջինը խփում են 1.45 գնդակ և բաց թողնում ընդամենը 1-ը: Ընդհանուր առմամբ, նիգերիացիները խփել են 735 և բաց թողել' 508 գնդակ: Անցկացրած 506 խաղում նրանք հաղթել են 229-ում, պարտվել' 133-ում և ոչ-ոքի են ավարտել 144 հանդիպում: Աֆրիկյան մայրցամաքի ֆուտբոլի հավաքականների վարկանիշային ցանկում Նիգերիան 6-րդն է: Իսկ ահա մունդիալ-2014-ի F խմբում Նիգերիան վերջին տեղում է:

Նիգերիայի ֆուտբոլի ազգային հավաքականի միավորող ուժը, հավաքականի գլխավոր մարզիչ Ստեֆեն Կեյշին է: Վերջինս «արծիվների» կազմում 1994 թվականի մասնակցել է մունդիալին, եղել է թիմի ավագը: Թիմի խաղը կազմակերպելու գործում անփոխարինելի է Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Ջոն Օբի Միկելը: Վերջինս «արծիվների» լավագույն կիսապաշտպանն է: Նիգերիական ֆուտբոլի մեկ այլ համբավավոր ներկայացուցիչ է Վիկտոր Մոսեսը:

Մունդիալ-2014-ին Նիգերիան կներկայանա հետևյալ կազմով.

Դարպասապահներ՝ Վինսենտ Էնյեմա («Լիլ»), Օստին Էջիդե («Հապոել»), Չիգոզի Ագբիմ («Գոմբե Յունայթեդ»)

Պաշտպաններ՝ Էլդերսոն («Մոնակո»), Էֆե Էմբրոուզ («Սելթիկ»), Գոդֆրի Օբոաբոնա («Ռիզեսպոր»), Ազուբույկե Էգվուէկվե («Վարրի Վուլվս»), Ջուվոն Օշանիվա («Աշդոդ»), Ժոզեֆ Յոբո («Նորվիչ»), Կունլե Օդունլամի («Սանշայն Սթարս»), Քեննեթ Օմերուո («Չելսի»), Կիսապաշտպաններ՝ Ջոն Օբի Միկել («Չելսի»), Օգենի Օնազի («Լացիո»), Ռամոն Ազիզ («Ալմերիա»), Մայքլ Ուչեբո («Բրյուգգե»), Ռուբեն Գաբրիել («Բեվերեն»), Վիկտոր Մոզես («Լիվերպուլ»)

Հարձակվողներ՝ Շոլա Ամեոբի («Նյուքասլ»), Ահմեդ Մուսա (ԲԿՄԱ), Էմանուել Էմենիկե («Ֆեներբախչե»), Պիտեր Օդեմվինգիե («Սթոք Սիթի»), Մայքլ Բաբատունդե («Վոլին»), Ուչե Նվոֆոր («Հերենվեն»):

Գլխավոր մարզիչն է Ստեֆեն Կեյշին:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Նիգերիան 44-րդ տեղում է:

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 7 ՕՐ