Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, Արգենտինայի Հայոց թեմի և Հայ կենտրոնի նախաձեռնությամբ, Առաջնորդարանին կից «Սիրանույշ» սրահում հունիսի 11-ին տեղի է ունեցել Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցմանը նվիրված միջոցառում:
Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքային իշխանության կողմից հայ համայնքին Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդ առաջ հողատարածք է հատկացվել թանգարան կառուցելու համար:
Քաղաքապետ Մաուրիսիո Մաքրիի անունից ելույթով հանդես եկավ Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքային իշխանության նախարարների խորհրդի պետ Հորասիո Ռոդրիգես Լարրետան: Վերջինս խոսեց Հայ համայնքի կարևոր դերի և օգտակարության մասին' նշելով հզոր և զարգացող համայնքի մի շարք առանձնահտկություններ:
Անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելուց հետո, շնորհակալական խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ, Արգենտինայի Հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ, Հայ կենտրոնի նախագահ Տիար Ալբերտո Ճերեճյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Մաուրիսիո Մաքրիին և քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին նվիրաբերված հողամասի համար' շեշտելով , որ Հայաստանում վերջերս տեղի ունեցած Ցեղասպանության 100-ամյակի համաշխարհային համագումարի ընթացում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից գնահատվել է Արգենտինահայ համայնքի այդ կարևոր ձեռքբերումը:
Ելույթով հանդես եկան նաև Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքային իշխանության և մարդկային իրավունքների և բազմամշակութային հարցերի փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխը, Հայոց ցեղասպանության հիշատակման հիմնադրամի նախագահ Կառլոս Թուֆեկսիանը, հիմնադրամի անդամ Նելիդա Բոլգուրջյանը:
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ նաև Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնոր Տեր ԳիսակԱրքեպիսկոպոս Մուրադյանը:
Միջոցառմանը նեկա էին համայնքային զանազան կազմակերպությունների նախագահներ, անդամներ և հարյուրավոր հավատացյալներ: