ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մուտքի առջև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև հունիսի 24-ին տեղի ունեցած բախումներին: ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ ասված է.

 

«Մեր անհանգստությունն ենք հայտնում երեկ Սարյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Ոստիկանի կողմից հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս սեփական հույզերով առաջնորդվելը վկայում է ցածր պրոֆեսիոնալիզմի մասին: Հետևաբար, համարժեք քայլեր ենք ակնկալում հավաքի մասնակիցների վրա անհամաչափ ուժ կիրառած բոլոր ոստիկանների նկատմամբ:

 

Միաժամանակ, հավաքի որոշ մասնակիցներ ևս անթույլատրելի վարքագիծ են դրսևորել: Լրատվամիջոցներում տարածված մի շարք տեսանյութերում երևում է, թե ինչպես են նրանցից ոմանք կոպիտ կերպով վիրավորում կամ հրում ոստիկաններին: Մարդու իրավունքի իրացումը չի ենթադրում ամենաթողություն, հակաիրավական պահվածք և անհարգալից վերաբերմունք իրավապահների հանդեպ:

 

Մարդու իրավունքների պաշտպանը տեղի ունեցածին ամբողջական գնահատական կտա ոստիկանության կողմից ըստ օրենքի անհրաժեշտ պաշտոնական պարզաբանումները ստանալուց հետո»: