Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության» առաջնորդ Ալի Քերիմլին Facebook-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի ղեկավարության «հոգացության» արդյունքում' վերջին ամիսներին հանրապետությունում քաղաքական բանտարկյալների թիվը եւս 5-ով ավելացել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի քաղաքական գործիչը թվարկել է Ադրբեջանում նոր քաղբանտարկյալներին. նրանք են' քաղաքացիական հասարակության ակտիվիստ Բաշիր Սուլեյմանլըն, լրագրող Ռաուֆ Միրկադըրովը, փաստաբան Ալիաբբաս Ռուստամովը, իրավապաշտպան Էմիլ Մամեդովը, երիտասարդական ակտիվիստ Օրխան Էյուբզադեն:
«Թուրան»-ը գրում է, որ պաշտոնական Բաքուն ժխտում է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների գոյությունը: Այդուհանդերձ, միջազգային կազմակերպությունները մեծ ուշադրություն են դարձնում այդ հարցին: ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցով զեկուցող է նշանակել:
Ադրբեջանցի իրավապաշտպանները կազմել են քաղաքական բանտարկյալների ցուցակը, որի համաձայն' նրանք 130-ն են: Իրավապաշտպանների մի այլ խումբ պնդում է, որ նրանց թիվը 81 է: Amnesty Internatioanl-ը հայտարարել է, որ Ադրբեջանում մինչեւ 30 խղճի դատապարտյալ կա: