Երևանի Ավան վարչական շրջանի Դ․Վարուժան փողոցի թիվ 6 շենքում պիլոտային ծրագրով իրականացված էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներից հետո ապահովվել է շուրջ 60 տոկոս էներգախնայողություն։ Այս մասին Ավան վարչական շրջան կատարած շրջայցի ընթացքում լրագրողներին տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Նա անդրադարձավ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացված «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» փորձնական ծրագրին, որի համաձայն' Ավանի Դանիել Վարուժան փողոցի թիվ 6 շենքում, էներգախնայողության բարձրացման միջոցառումներով կատարվել է շենքի նկուղային հարկի բացվածքներում պատուհանների տեղադրում, շենքի արտաքին պատերի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ ջերմափոխանցման դիմադրության մեծացում, հարկաբաժինների աստիճանահարթակներում դռների և պատուհանների փոխարինում և տանիքի ջրամեկուսացում։

 

«Վերջին տարիներին բավականին արդյունավետ համագործակցում ենք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայստանյան գրասենյակի հետ և այդ համատեքստում է նաև այս ծրագիրը, որը նպաստելու է բազմաբնակարան շենքերի էներգախնայողության բարձրացմանը: Մեր բնակիչների լեզվով ասած' մենք «շենքին մուշտակ ենք հագցրել»: Այսինքն, շենքի արտաքին պատերը նախ պատել են ջերմամեկուսիչ նյութերով, որից հետո արդեն սվաղել և ներկել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց քաղաքապետը:

 

Նրա խոսքով' ծրագրի արդյունքներն, իրոք, ոգևորիչ են: «Սա իսկապես լուրջ ցուցանիշ է' հատկապես հաշվի առնելով, որ այն նաև սոցիալական կարևոր նշանակություն կարող է ունենալ մեր բնակիչների համար։ Ծրագիրն արժանացել է բնակիչների հավանությանը: Կարծում եմ, որ նմանատիպ ծրագրերը պետք է լինեն շարունակական և հույս ունեմ, որ այդպես էլ կլինի»,- եզրափակեց քաղաքապետը:

 

Էներգախնայողություն, շենք, Ավան, քաղաքապետ, շրջայց