Գերմանիայի իշխող Քրիստոնեա-սոցիալիստական միություն կուսակցությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանի' Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո հանդես է եկել խիստ հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության գլխավոր քարտուղար Անդրեաս Շոյերը հայտարարել է, որ այսուհետ Թուրքիան պետք է վերջնականապես հրաժարվի Եվրամիության լիիրավ անդամը դառնալու մտքից:

 

«Էրդողանի Թուրքիան Եվրոպայում գործ չունի»,- գերմանական պարբերականի հետ զրույցում ասել է Շոյերը: Նա ընդգծել է, որ Էրդողանն իր ուժերն ընդլայնելու համար չի խորշում ժողովրդավարական արժեքները ոտնատակ անելուց: Քրիստոնեա-սոցիալիստական միություն կուսակցության գլխավոր քարտուղարը նշել է, որ նախագահի պաշտոնում նա շարունակելու է մամուլի ազատության սահմանափակմանն ուղղված իր նախաձեռնությունները, ինչպես նաև սադրանքները Իսրայելի նկատմամբ: Հիշեցնելով, որ իր կուսակցությունը մշտապես բացահայտ հանդես է եկել Թուրքիայի' ԵՄ-ին լիիրավ անդամակցել ու դեմ' Շոյերն ասել է. «Որպես կուսակցություն' մենք ակնկալում ենք, որ բոլորը սա նկատեն: Նրանք, ովքեր հետևում են Էրդողանի ելույթներին և գործողություններին, կամաց-կամաց սկսել են դա նկատել»:

 

Էրդողանի' Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելը բացասական է որակել նաև Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի' ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը: Նա ընդգծել է, որ Էրդողանը երկիրը վերածել է ավտորիտար պետության, ինչով էլ կտրուկ նվազել են ԵՄ-ին անդամակցելու նրա հնարավորությունները: