Հայաստանի եզդիները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջել են հանդիպում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որպեսզի հստակ իմանան՝ կայացվել է Իրաքի եզդիներին օգնություն ուղարկելու որոշում, թե ոչ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Սինջար» եզդիների միավորման նախագահ Բորիս Մուրազին նշեց, որ վարչապետի հետ հանդիպում այդպես էլ չի կայացել: Կառավարության շենքի մոտից եզդիները շարժվել են դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ հանդիպում են պահանջել դեսպանի հետ: «Այնտեղ էլ մեզ հայտնեցին, որ դեսպանն այդ պահին տեղում չէ»,- ասաց նա:
Եզդիները բողոքի ակցիա են անցկացրել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ, որտեղ նրանց ոչ ոք չի մոտեցել, իսկ պահակակետում հայտնել են, որ եթե նամակ ունեն դեսպանի համար կարող են թողնել արկղում: Այս պահին ակցիան ավարտվել է:
Հնարավոր է, որ առաջիկայում եզդիները ցույց անցկացնեն նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ: Բորիս Մուրազին նշեց, որ դա կախված կլինի այն բանից, թե ինչ որոշում կկայացնի ԱՄՆ-ն Իրաքի եզդիներին ռազմական օգնություն տրամադրելու և փախստականներին Իրաքից դուրս հանելու հարցում: