«Armenian Power» հանցավոր խմբին հարող Անդրանիկ Ալոյանը, որ զբաղվել էր ավազակային դավադրության և տարեց անձանց անձնական և բանկային ֆինանսական տվյալները գողանալով, նրանցից 25 մլն դոլար շորթելու համար օգոստոսի 18-ին Լոս Անջելեսում դատապարտվել է 160 ամիս բանտարկության: «Արմենպրես»- ի հաղորդմամբ' այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն:

 

Լոս Անջելեսում բնակվող 41-ամյա Ալոյանը մեղավոր էր ճանաչվել դաշնային դատավորների կողմից 2014 թվականի փետրվարի 11-ին: Դատարանում ներկայացված ապացույցների համաձայն' Ալոյանը գողացել է ավելի քան 75' հիմնականում տարեց մարդկանց անձնական և բանկային ֆինանսական տվյալները: Կողոպտված գումարի ընդհանուր արժեքը գերազանցել է 25 մլն դոլարը:

 

160 ամիս ազատազրկումից բացի, Ալոյանը պետք է ևս երեք տարի լինի ոստիկանների վերահսկողության տակ և 3 մլն 516 հազար 711 դոլարի փոխհատուց վճարի տուժողներին:

 

Դատական փաստաթղթերի համաձայն' «Armenian Power» փողոցային հանցավոր խմբավորումը ստեղծվել է Լոս Անջելեսի Արևելյան Հոլիվուդ շրջանում 1980-ականներին: Բանդայի անդամները հիմնականում հայկական, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության այլ երկրների ծագում ունեն:

 

Կալիֆոռնիայի նահանգային օրենքի համաձայն' «Armenian Power»-ը ճանաչվել է փողոցային հանցավոր խմբավորում: Ենթադրվում է, որ այն ունի ավելի քան 250 փաստագրված անդամ, ինչպես նաև հարյուրավոր համախոհներ:

 

Բանդայի անդամները պարբերաբար իրականացրել են բռնի քրեական գործողություններ, այդ թվում' սպանություններ, մահափորձեր, մարդկանց առևանգումներ, ավազակություն, շորթում և վկաների ահաբեկում: