ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Սիրելի հայրենակիցներ,

 

շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առթիվ:

 

Սեպտեմբերի մեկին հերթական անգամ բացվում են կրթօջախների դռները, դռներ, որոնցից այն կողմ սկսվում է ապագայի ճանապարհը: Որքան վստահ ու հաստատուն քայլերով հաղթահարվի այդ ճանապարհը, այնքան խոստումնալից ու հուսալի կլինի վաղվա օրը: Այդ ճանապարհն անցնում է մանկապարտեզի, դպրոցի ու բուհի միջով, հարստանում դաստիարակների, ուսուցիչների ու դասախոսների կողմից անշահախնդրորեն փոխանցվող դաստիարակությամբ, գիտելիքներով ու կենսափորձով եւ դառնում ուժեղ երկրի ու նրա արժանապատիվ քաղաքացու կայացման ուղին:

 

Ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքներն այն բանալիներն են, որոնք օգնում են կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, վստահորեն շարժվել տարբեր ուղիներով, լուծել տարբեր խնդիրներ' անհատական ու համընդհանուր, համապետական ու համազգային: Մենք միշտ էլ առանձնահատուկ սիրով ու ակնածանքով ենք գնահատել գիտելիքի արժեքը, արժեւորել գիտելիքի ուժը: Գիտելիքն ու կրթությունը մեր կենսունակության կարեւորագույն երաշխիքներից են, մեր արժեհամակարգի այն հենասյուները, որոնք եթե նույնիսկ երբեմն երերացել են, այդուհանդերձ, միշտ կանգուն են մնացել մեր պատմության ամբողջ ընթացքում:

 

Յուրաքանչյուր ուսումնական տարի տրվում է այդ հենասյուներն ամրացնելու նոր շրջանի մեկնարկը: Յուրաքանչյուր նոր սերունդ դրանց նորօրյա ճարտարապետն է ու շինարարը, ով կոչված է նոր կյանք ու նոր ոգի տալ այդ հենքի վրա բարձրացող ազգային ու համամարդկային արժեքներին: Առաջին դասարանցին դպրոց մտնելով թարմացնում է ազգի արյան շրջանառությունը, առաջին կուրսեցին ավելի ուժեղացնում նրա հոսքը, յուրաքանչյուր մանկավարժ ստանձնում այդ գործընթացների պարտավորությունն այնպես, ինչպես ժամապահն իր պահակակետի, հրամանատարն իր զինվորի, երկրի ղեկավարն իր քաղաքացիների հանդեպ, ստանձնում ու պատվով կատարում ծանր ու հոգսաշատ՝ միաժամանակ սիրով ու ջերմությամբ լեցուն շնորհակալ այդ առաքելությունը:

 

Վերստին շնորհավորելով բոլորիս Գիտելիքի օրվա առթիվ՝ առանձնահատուկ մաղթանքներս եմ ուզում հղել առաջին դասարանցիներին ու առաջին կուրսեցիներին, նաեւ նրանց, ովքեր առաջին անգամ են որպես մանկավարժ ոտք դնում կրթօջախներ: Թող գիտելիքը լինի վճռորոշ ու հաստատուն ուղենիշ, իսկ ուսումնական տարին՝ դրական եւ հիշարժան ազդակ կյանքի ճանապարհին՝ ի շահ այսօրվա Հայաստանի եւ հանուն Հայաստանի վաղվա օրվա:

 

Ամենայն բարիք, խաղաղություն եւ բարեկեցություն բոլոր նրանց, ովքեր սովորում են, ովքեր ուսուցանում են, նրանց, ովքեր կրթում են, ովքեր կրթվում են, նրանց, ովքեր սնում են գիտելիքի աշխարհը, ովքեր սնվում են այդ աշխարհից»: