Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը հայտարարություն է տարածել, որով ջերմորեն ողջունում է 2014թ. օգոստոսի 27-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից AJR 32 բանաձևի ընդունումը, որը «քաջալերում և սատարում է ԼՂՀ կողմից որպես ազատ և անկախ պետություն զարգանալու ճանապարհին գործադրված շարունակական ջանքերը' իր քաղաքացիների համար ազատ և անկախ պետություններին հարիր իրավունքներ երաշխավորելու նպատակով»:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձի նախօրեին ընդունված այս բանաձևը ողջունում է իրավական պետության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ԼՂՀ ջանքերը: Իր տնտեսական հզորությամբ աշխարհում 8-րդ տեղը զբաղեցնող Կալիֆորնիա յի քվեարկությունը ցույց է տալիս, որ Արցախի անկախությունը անշրջադարձելի գործընթաց է, քանի որ այս ժողովրդավարական պետությունը այլևս չի կարող կցվել Ադրբեջանին, որը մարդու իրավունքները պաշտպանող բազմաթիվ կազմակերպությունների կողմից համարվում է բռնատիրական»:
Շրջանակը Ֆրանսիային կոչ է անում' Հանրապետության արժեքներին հավատարիմ լինելով, հետևել Կալիֆորնիայի օրինակին: