Ադրբեջանի ընդդիմության եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդը» կիրակի անցկացրած նիստում Ադրբեջանում վերջին ամառային ամիսները գնահատել է որպես ռեպրեսիվ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, նիստում ունեցած ելույթում կառույցի ղեկավար Ջամիլ Հասանլըն նշել է, որ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների միասնական ցուցակում արդեն 107 մարդ է գրանցված, որոնցից 9-ն «Ազգային խորհրդի» անդամներ են:

 

Նրա կարծիքով' Ադրբեջանում 2015 թվականին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների եւ Եվրոպական օլիմպիական խաղերի շեմին իշխանությունները փորձում են թուլացնել դեմոկրատական ուժերին: «Բայց այդ քաղաքականության արդյունքները ցույց տվեցին, որ չնայած բռնաճնշումներին' դեմոկրատական ուժերը չեն կոտրվել, եւ շարունակում են պայքարը:

 

Ռեպրեսիաները հակառակ արդյունքն են տալիս, ինչի վկայությունը «Ազգային խորհրդի» կազմում ընդգրկվելու համար բազմաթիվ դիմումներն են», -ասել է նա:

 

Նիստում Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված ադրբեջանական ժողովրդին ուղղված դիմում է ընդունվել, որը հրապարակվելու է փաստաթղթում որոշ առաջարկություններ եւ լրացումներ կատարվելուց հետո:

 

Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսի կողմից կազմված ցուցակի համաձայն' 2014 թվականի սկզբին Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը կազմել էր 97 մարդ:

 

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը օրերս Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ նրան էր հանձնել այդ երկրում միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչված քաղբանտարկյալների ցուցակը: