Էբոլա մահացու տենդով վարակվածների թիվը վատթարագույն սցենարի դեպքում մինչեւ 2015 թվականի հունվար կարող է հասնել 550 հազարից մինչեւ 1,4 միլիոնի: Այդ տվյալները, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ներկայացված են ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի (CDC) զեկույցում:

 

Ընդսմին մատնանշված թվերը կվերաբերեն ոչ միայն Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին: Բժիշկներն իրենց ենթադրություններն անում են այն բանի հիման վրա, որ Էբոլա վիրուսով վարակվածների թվաքանակը 2,5 անգամ գերազանցում Է այն թվերը, որոնք հրապարակում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Նրանք այն կարծիքին են, որ հիվանդացածների թիվը կրկնապատկվում Է մոտավորապես 20 օրը մեկ:

 

CDC-ի համոզմամբ՝ հիվանդության տարածումը կարող են կանգնեցնել միայն արտակարգ միջոցառումները, մասնավորապես, հիվանդության դեմ պայքարի մեթոդները, հիմնախնդրի նկատմամբ հասարակության մոտեցումը փոխելը եւ բավարար քանակությամբ ռեսուրսների՝ բժիշկների եւ բժշկական սարքավորումների տրամադրումը:

 

ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդով հիվանդացած մարդկանց 70 տոկոսը մահացել է: Մահացության մակարդակն ավելի բարձր է եղել, քան ենթադրվում էր ավելի վաղ: ԱՀԿ-ն նախազգուշացնում է, որ մինչեւ նոյեմբեր տենդով հիվանդանալու դեպքերի թիվը կարող է եռապատկվել եւ հասնել 20 հազարի, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն համաճարակի դեմ պայքարում:

 

Ներկայում Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում այդ վիրուսից մահացել է արդեն 2800 մարդ: ԱՀԿ-ում նշել են, որ Սենեգալում եւ Նիգերիայում հիվանդության բռնկումները վերահսկվում են: