Եթե որևէ օրենք դրվում է քննարկման և վիճարկվում է դրա սահմանադրականության հարցը, ապա դրա վերջնական գնահատականը պետք է տա Սահմանադրական դատարանը: Ազգային ժողովում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով նախագծի հեղինակների այն պնդումներին, թե գործող օրենքում առկա են հակասահմանադրական դրույթներ:

 

«Ես սրա մասին խոսել եմ նաև հանձնաժողովի նիստում, և կողքից էլ ինձ հուշեցին, որ դուք կարող եք հավաքել ստորագրություններ և դիմել Սահմանադրական դատարան, որը կքննարկի և կտա իր գնահատականը՝ արդյոք օրենքում կա հակասահմանադրական էլեմենտ, թե ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:

 

Հովհաննես Սահակյանը հիշեցրեց, որ նման նախագծեր ոչ իշխանական ուժերի կողմից մի քանի անգամ բերվել են օրակարգ, քննարկվել և բացասական եզրակացություն են ստացել: «Հիմա ոչ մեր դիրքորոշման մեջ է որևէ բան փոխվել, ոչ էլ ձեր դիրքորոշման: Դրա համար եմ ես ասում՝ դիմեք Սահմանադրական դատարան և այս վեճը թող լուծում ստանա այնտեղ»,- ասաց պատգամավորը:

 

Անդրադառնալով նախագծի հեղինակների պնդմանը, թե ՀՀ զինված ուժերը չեն կարող մասնակցություն ունենալ արտակարգ դրության ապահովման գործընթացին, քանի որ Սահմանադրությամբ դա արգելվում է՝ Հովհաննես Սահակյանը մեջբերեց ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետը, որը հստակ սահմանում է, որ սահմանադրական կարգի անմիջական սպառնալիքի դեպքում իրավունքի ուժով երկրի Նախագահը խորհրդակցում է այնուհետև հայտարարում է արտակարգ դրություն և իրավիճակից թելադրող միջոցառումներ և գործողություններ է կատարում, որի մեջ մտնում է ցանկացած տիպի գործողություն, իսկ զենք-զինամթերքի, ուժի կիրառումը պետք է լինի իրավաչափության սկզբունքի հիման վրա:

 

«Սահմանադրությամբ հստակ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են պետության անվտանգությունը: Հիմա հարց. արդյոք սահմանադրական կարգի վտանգը Հայաստանի Հանրապետության համար սպառնալիք չէ: Իհարկե սպառնալիք է: Իսկ այդ դեպքում մենք պե՞տք է օգտագործենք մեր բոլոր ուժերը, որպեսզի այդ վտանգը չեզոքացնենք: Իհարկե, պետք է օգտագործենք»,- ասաց նա:

 

Պատգամավորը նաև նշեց, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» գործող օրենքում սահմանված է նաև, որ արտակարգ դրության դեպքում զինված ուժերը կարող են օգտագործվել միայն Ոստիկանության մասին օրենքի համապատասխան կետով, ինչը խոսում է այն մասին, որ այս դեպքում էլ օրենքով սահմանված սահմանափակում կա: