Անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ հաստատվեց այն լուրը, որ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Վերջինիս հրաժարականի պատճառների վերաբերյալ հրապարակումները և հնչած կարծիքները տարբեր էին՝ Ռոբերտ Քոչարյանի կադրը լինելուց, մինչև Սուրեն Խաչատրյանի մարզպետի պաշտոնում վերանշանակման հետ կապված պատճառները:
Լուրեր.com-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Արմեն Գևորգյանի հրաժարականին, նշեց, որ ինքն ասելու բան չունի:
«Ամեն ինչ պարոն Գևորգյանը կառավարության նիստին ասել է և նա տվել է ամբողջական գնահատականները և պատճառները: Կարծում եմ՝ մենք պետք է բոլորս հարգենք պարոն Գևորգյանի որոշումը և չգնանք այդ տեսական գնահատականների հետևից»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Վերջինս անդրադառնալով հնչող տեսակետներին և պատճառներին՝ ասաց. «Տեսական գնահատականներ են, ամեն մեկն իր գնահատականն է հնչեցնում: Մենք բազմակարծություն ունեցող երկիր ենք, յուրաքանչյուրն իրավունք ունի իր կարծիքն արտահայտել, բայց ես հավատում եմ պարոն Գևորգյանի կարծիքին»: