Համաճարակաբան-հիգիենոլոգ, առողջապահության նախարարության ներկայացուցիչը տեսնում է Հայաստանում առնվազն մեկ դիակիզարան ունենալու անհրաժեշտությունը: Հոկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ իր համոզմունքը պարզաբանեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը:

 

Մասնագետի խոսքով' ներկայում, երբ հուղարկավորությունը կատարվում է դիակը հողին հանձնելու ճանապարհով, վտանգավոր հետևանքներ սանիտարահամաճարակային տեսանկյունից չի առաջանում, որովհետև գոյություն ունեն համապատասխան չափորոշիչներ' սանիտարական, քաղաքաշինական, բնապահպանական, որոնք կանոնակարգում են տվյալ հարցը, և, երբ մարդը հանձնվում է հողին, որևէ վարակի տարածում չի արձանագրվում: Այսինքն' այդ իմաստով' դիակիզարան ունենալու անհրաժեշտություն չկա ներկայում:

 

Այստեղ խնդիրն այլ տեղում է' 2006 թվականից գործում է «Հուղարկավորությունների կազմակերպման, դիահերձարանների, գերեզմանատների շահագործման մասին» օրենքը: «Վերնագրից արդեն երևում է, որ երկրում պետք է լինի դիակիզարան: Հայաստանում անհրաժեշտ է ունենալ դիակիզարան, ոչ դիակիզարաններ, քանի որ մեր երկրում դիակի կիզելը չի կարող կրել զանգվածային բնույթ, մեր հանրապետության հիմնական մասը հայ քրիստոնյաներ են, և մեր կրոնը սխալ է դա համարում: Պետք է հաշվի առնել, որ երկրում ապրում են այլ ազգի, այլ կրոն դավանող ներկայացուցիչներ, ում համար, հնարավոր է , ցանկալի է դիակիզել մարմինը»,- ասաց Աիդա Պետիկյանը' հավելելով, որ առաջանում է մարդու իրավունքների հարց ու ժողովրդավար երկրում պետք է պաշտպանված լինեն բոլորի իրավունքները: Աիդա Պետիկյանը միևնույն ժամանակ հայտնեց, որ ինքը հայ քրիստոնյա է ու դեմ է դիմակիզարանի գոյությանը, բայց կան պատճառներ այն ունենալու, որոնցից հաջորդն էլ կանխարգելման նպատակով դիակիզարան կառուցելն է:

 

«Երկրորդ պատճառը, որ անհրաժեշտ է դիակիզարան ունենալ, այն է, որ եթե լինեն արտակարգ իրավիճակներ' ջրհեղեղ, երկրաշարժ, այդ պայմաններում լինում են զանգվածային մահացության դեպքեր, գերեզմանների ամբողջականությունն է խախտվում, դիակներ են հայտնվում երկրի մակերեսին, առաջանում են համաճարակների առաջացման ու տարածման լուրջ իրավիճակներ: Նորմալ պայմաններում չեմ տեսնում դիակիզարանի անհրաժեշտությունը»,-ասաց նա:

 

Աիդա Պետիկյանի խոսքով' երբ բանը հասնի դիակիզարան կառուցելուն, պետք է հաշվի առնել մի շարք հարցեր: «Կան լուրջ հարցեր, խնդիրներ, թե որտեղ պետք է տեղակայվի դիակիզարանը, ինչ կառուցվածք պետք է այն ունենա, քանի որ արտանետումներ է ունենում, ուրեմն զտիչներ պետք է տեղադրվեն, որ օդը չախտոտվի, այս ամենը պետք է հաշվի առնել»,-շեշտեց մասնագետը' հավելելով, որ բոլոր անհրաժեշտ կանոններն ապահովելու դեպքում ոչ մի ռիսկային իրավիճակ չի ստեղծվի դիակիզարան կառուցելուց հետո: