Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 12-18-ը 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Փետրվարի 13-ին 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Ահար քաղաքից 47 կմ դեպի հարավ: Մյուս երկուսը գրանցվել են փետրվարի 14-ին Թուրքիայի տարածքում, 3-4 բալ ուժգնությամբ՝ Վան քաղաքից 39 կմ դեպի հյուսիս-արևմո ւտք և 3 բալ ուժգությամբ՝ Սարիղամիշ քաղաքից 38 կմ դեպի հարավ-արևմուտք:

 

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Փետրվարի 13-ին 7.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Միջատլանտյան լեռնաշղթայի հյուսիսում' Իռլանդիա կղզուց 1500 կմ դեպի արևմուտք: Հաջորդ օրը Թայվանում' Թայդուն քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.2 մագնիտուդ:

 

Փետրվարի 17-ին տեղի է ունեցել 6.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Ճապոնիայի Իվատե պրեֆեկտուրայի Միյակո քաղաքից 83 կմ դեպի հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հոնսյու կղզու կենտրոնական շրջաններում և Հոկայդո կղզում՝ 17 պրեֆեկտուրաներում: Իվատե պրեֆեկտուրայում հայտարարվել է ցունամիի վտանգ, տարհանվել են ափամերձ տարածքների բնակիչները:

 

Երկրաշարժն առաջացրել է մինչև 20 սմ բարձրությամբ ցունամիի ալիք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: