Չնայած մի շարք արևմտյան փորձագետների պնդումների՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը հրահրված չի եղել Մոսկվայի կողմից: Նման կարծիք է հայտնել այդ հակամարտության ամենահեղինակավոր հետազոտություններից մեկի հեղինակ Թոմաս դե Վաալը: Radio Free Europe ռադիոկայանին տված հարցազրույցում, նա նշել է, որ Ռուսաստանը, անկասկած ազդեցիկ խաղացող է այս իրավիճակում, բայց միայն երկրորդ պլանի խաղացող:

 

«Անձամբ ես կարծում եմ, որ սխալ է Մոսկվային գլխավոր խաղացող համարել»,- նշում է դե Վաալը: Ըստ նրա, հիմնական խաղացողներն այս իրավիճակում Հայաստանն ու Ադրբեջանն են, իսկ Ռուսաստանը, չնայած ազդեցիկ երկրորդական խաղացող է, այդուհանդերձ չի «ղեկավարում շքերթը»:

 

«Ես կասկածում եմ, որ Ռուսաստանը կարող է շփման գծում մարտական գործողություններ կազմակերպել»,- ընդգծում է դե Վաալը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը «շատ անկախ» են: 

 

Նա նշել է նաև, որ ռուսական կողմը, իհարկե, ընդգրկված է կարգավորման գործընթացում: Մասնավորապես, հաղորդվում է այն մասին, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն արդեն ունի հրադադարի նոր ծրագիր: «Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը քիչ բան կարող է անել այս իրավիճակում: Նա, իհարկե, որոշակի ազդեցություն ունի հայկական կողմի վրա, բայց ոչ Ադրբեջանի: Այնպես որ, այստեղ գործելու է Լավրովը: Եվ, թերևս, Պուտինը մի քանի հեռախոսազանգ կկատարի»,- ասել է դե Վաալը:

 

Նա գտնում է, որ այդ գործընթացին կարող են ընթացք տալ միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի համատեղ ջանքերը: Նախ, այդ երկրները պետք է լուծեն այն հարցը, թե ով է այդ տարածաշրջան խաղաղապահ ուժեր ուղարկելու: Սակայն, տվյալ պահին այդ հարցի շուրջ համաձայնության գալը Վաշինգտոնի և Մոսկվայի համար դժվար կլինի, եզրափակում է փորձագետը: