Ինչպես տեղեկացնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, Գագիկ Ծառուկյանի նկրտումները մեկ վայրում հավաքել ՀՀ երեք նախագահներին չստացվեց, քանի որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չներկայացավ Աբովյանում եկեղեցու օծման արարողությանը: Միջոցառմանը ներկա են ՀՀ երկրորդ եւ երրրորդ նախագահները:

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է հարցազրույցից, այլ ինքն է հարց ուղղել լրագրողներին.«Իսկ լրագրողներն ուզու՞մ են, որ ես վերադառնամ»:

Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է ընտանիքի անդամների հետ:

Միջոցառմանը մասնակցում է Բելոռուսիայի նախագահը՝ Ա. Լուկոշենկոն, ով թեեւ Հայաստանում է գտնվում Սերժ Սարգսյանի հրավերով, բայց նրան իր՝հյուրերի համար նախատեսված հատուկ տանն է ընդունել ԲՀԿ առաջնորդը: Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը բավականին ջերմ գործընկերային հարբերությունների հետ է գտնվում Ա. Լուկաշենկոյի հետ, ով ներկա է եկեղեցու բացմանը իր որդու հետ:

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում են եկեղեցու օծման արարողությանը եւ նրանք կանգնած չեն իրար կողքի: Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնած է Ա. Լուկաշենկոն, ապա՝ Սերժ Սարգսյանը:

Եկեղեցու բակում սեղաններ են գցված, արարողությունից հետո սպասվում է մեծ հյուրասիրություն: Մատուցվելու է մատաղ ի պատիվ Ս. Հովհաննես եկեղեցու բացման:

Մինչեւ միջոցառման մեկնարկը ելույթ է ունեցել նաեւ Գ. Ծառուկյանը, ով ասել է, որ պարբերաբար այցելել է, հետեւել է շինարարությանը: «Թող եկեղեցին ծառայի եւ համերաշխություն բերի երկրին»,-հայտարարել է Գ. Ծառուկյանը:

Հավելենք նաեւ, որ բացման արարողությունից հետո Գագիկ Ծառուկյանը ճոխ ընթրիք է մատուցելու «Փարավոն» զվարճանքի կենտրոնում՝ հատուկ հյուրերի համար:

Քրիստինա Մկրտչյան