Բրիտանիայի հատուկ ծառայությունները ոչնչացրել են այն բոլոր կոշտ սկավառակները, որոնց վրա պահվում էր Էդվարդ Սնոուդենի փոխանցած գաղտնի տեղեկությունը: Այս մասին հայտնի է դարձել Guardian թերթի խմբագիր Ալան Ռասբրիջերի հոդվածից:

Խմբագրի խոսքով՝ երեկ ինքը հեռախոսազանգ է ստացել Բրիտանիայի կառավարության մի պաշտոնյայից, որը դատական գործընթացով է սպառնացել, եթե Ռասբրիջերը չվերադարձնի գաղտնի տվյալները բրիտանական հատուկ ծառայություններին: Հեռախոսազանգից հետո թերթի գրասենյակ են եկել Կառավարական կապի կենտրոնի երկու աշխատակիցներ, որոնք համակարգիչներից առգրավել են կոշտ սկավառակները, որոնցում պահվում էր տեղեկությունը, և ոչնչացրել դրանք:

Ռասբրիջերի կարծիքով՝ կատարված դեպքը և Դևիդ Միրանդայի (Սնոուդենի նյութի հրապարակմամբ զբաղվող լրագրողի ընկերը) ձերբակալությունը վկայում են այն մասին, որ Բրիտանիայում խոսքի ազատությունը գտնվում է սպառնալիքի տակ: